Slaq.am-ը ներկայացնում է «Դե ֆակտո» ամսագրի հարցազրույցը Ռուբեն Հայրապետյանի հետ։
-Պարո՛ն Հայրապետյան, հետաքրքիր է իմանալ, ի՞նչ է ֆուտբոլը Ձեզ համար։
-Դժվար է բառերով արտահայտել, քանի որ ֆուտբոլն ինձ համար պարզապես սպորտաձև չէ կամ աշխատանք, ֆուտբոլն ինձ համար ապրելակերպ է։
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ֆուտբոլն ավելի զարգացնելու համար։
-Կարծում եմ՝ ամենակարևոր քայլը ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցների քանակի ավելացումն է Հայաստանի ողջ տարածքում. միայն Երևանով բավարարվել չի կարելի։ Իհարկե, դա դժվար խնդիր է, բայց տարիների ընթացքում պետք է հասնել նրան, որ գոնե ամեն մարզում ֆուտբոլի մեկ դպրոց լինի։
-Ֆուբոլային ակումբների ղեկավարները նշում են, որ նման ծրագրեր ունեն։
-Դա պարտադիր պայման է. ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոններով՝ այն ակումբները, որոնք չունեն մանկապատանեկան նվազագույնը հինգ թիմ, չեն կարող լիցենզիա ստանալ։ Բայց մեր ոչ բոլոր ակումբներն են այդ պայմանը լիարժեք իրականացնում։ Օրինակ, «Բանանցը», «Փյունիկը» լրջորեն են վերաբերվում այդ հարցին և եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ Հայաստանի առաջնություններում մասնակից 8 թիմերի կազմում 50 տոկոսը «Փյունիկի» սաներն են խաղում, մի մասն էլ՝ «Բանանցի»։ Մեր ազգային հավաքականի կազմը ուսումնասիրելիս էլ կնկատեք, որ այն համալրում են հիմնականում «Փյունիկի» սաները, և դրա պատճառն այն չէ, որ «Փյունիկի» հիմնադիրը ես եմ։ Պետք է հիշել, որ ֆուտբոլի առաջին դպրոցը «Փյունիկն» է հիմնադրել ՀՀ-ում և ունի փորձ ու երկար տարիների պատմություն։
Հիմա, երբ նայում ենք երիտասարդական հավաքականի կազմին, տեսնում ենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծամասնություն չեն կազմում։ Արդեն հավասարակշռություն կա «Փյունիկի» և «Բանանցի» միջև։ Աչքի է ընկնում նաև «Միկան»։ Այսպիսի ճանապարհն է ֆուտբոլի զարգացման գրավականը։ Մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Երբ մեր բոլոր ակումբները կունենան կարգավիճակ բարձրագույն խմբում, մենք կունենանք շատ ավելի զարգացած ֆուտբոլ։
Այժմ մենք Գյումրիում կառուցում ենք ֆուտբոլի ակադեմիա, որի շահագործումից չորս-հինգ տարի անց կունենանք որակյալ ֆուտբոլիստներ Գյումրիում։ Գյումրիի պատանիներն այսօր պարապում են ոչ ֆուտբոլային պայմաններում, ինչը ոչ թե օգուտ, այլ վնաս է պատճառում իրենց։ Չկան մարզվելու նորմալ պայմաններ՝ ֆուտբոլային գույք, խաղադաշտեր, հանդերձարաններ։
Նման նախագիծ կիրականացնենք նաև մեկ այլ մեծ քաղաքում, և կգա մի ժամանակ, երբ բոլոր մարզերում կգործեն ֆուտբոլի դպրոցներ։
Մենք խնդիր ունենք նաև մանկապատանեկան մարզիչների հետ կապված։ Չնայած այդ խնդիրը շուտով կլուծվի, քանի որ ունենք երիտասարդներ, որոնք ձգտում են լավ մարզիչներ դառնալ։
Կգա մի ժամանակ, երբ բոլոր մարզերում կգործեն ֆուտբոլի դպրոցներ։
-Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք մոտակա խաղերի հետ կապված։
-Ֆուտբոլը նախապես չես կարող կանխատեսել։ Բայց ես կարծում եմ, որ մեր թիմերը պետք է որ լավ հանդես գան։ Այն ակումբները, որոնք մասնակցում են Եվրոլիգային, գոնե մեկ փուլի արգելքը պետք է հաղթահարեն, մանավանդ, որ նրանք լավ են տրամադրված։
-Ի՞նչ կարծիք ունեք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մասին, որը նոր է կազմավորվել, բայց արդեն լուրջ հաջողություններ ունի։
-Այն նվիրվածությունը և մոտեցումը, որ ունի ակումբի նախագահը, համոզված եմ, որ հաջողություն է բերելու ակումբին։ Բագրատ Նավոյանը երբևէ սիրողական քայլեր չի անում, նա մշտապես խորհրդակցում է մասնագետների, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ակումբն առայժմ երկու քայլով է առաջ գնում։ Կարծում եմ՝ «Ալաշկերտը» առաջնությունում ունենալու է հաջողություն։
-Պարո՛ն Հայրապետյան, «Ալաշկերտ»-ում լեգեոներներ չկան, ակումբի նախագահը դեմ է նրանց ներգրավմանը։ Ինչպիսի՞ մոտեցում ունեք Դուք այդ հարցի շուրջ։
-Որակյալ լեգեոներները միշտ օգտակար են լինում առաջնությունների ժամանակ և նպաստում են ֆուտբոլի զարգացմանը։ Իհարկե, երբեմն հայաստանյան ակումբները ներգրավում են լեգեոներների, որոնք խաղային որակով չեն գերազանցում մեր ֆուտբոլիստներին, ինչը շատ վատ է։ Օրինակ, «Միկան» բերում է լեգեոներներ, որոնք միայն վնաս են տալիս՝ խախտում են կանոնները, ինչը ինձ՝ որպես ֆեդերացիայի նախագահի, հաճելի չէ տեսնել։ Նույնը «Բանանցի» մասին կարող եմ ասել։ Բայց երբ ներգրավում են բարձրակարգ լեգեոներների, ինչպես, օրինակ, «Շիրակ» ակումբն այս տարի, շատ գովելի է։ Բարձրակարգ լեգեոների հետ խաղալով՝ մեր ֆուտբոլիստներն էլ են աճ գրանցում։ «Գանձասար»-ում նույնպես մի քանի որակյալ լեգեոներներ կան։ Կարծում եմ՝ առավելագույնը երեք-չորս լեգեոների առկայությունն ակումբներում կարող է շատ օգտակար լինել։ «Ալաշկերտը» նույնպես կարող է այդ միջոցով զարգացնել իր թիմի պոտենցիալը։
-Դուք հանձնեցիք ալաշկետցիներին իրենց վաստակած մեդալները։ Ձեր բարեմաղթանքը նրանց։
-Իհարկե, ես որպես ՀՖՖ նախագահ՝ յուրաքանչյուր ակումբի, հատկապես նորաստեղծ «Ալաշկերտ»-ին ցանկանում եմ բարձրագույն խմբում հասնել հաջողությունների։ Եթե «Ալաշկերտ»-ին հաջողվի մրցանակային տեղ գրավել, այն մեծ դեր կունենա ակումբի պատմության և ապագա հեռանկարի համար։
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի