Կան միջազգային փառատոներ, որտեղ ազգությունը կարևոր չէ, կարևոր է ֆիլմի որակը: Եվ մենք՝ հայերս, այնքան ուժեղ, հզոր և հաղթող ազգ ենք, որ կարող ենք մեր բոլոր թշնամիների ֆիլմերն արվեստի միջոցով ցուցադրել: «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված ադրբեջանցի ռեժիսոր Էյմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը» կարճամետրաժ ֆիլմի շուրջ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Մրցույթում ֆիլմը ներկայացված է «Կորիզ» անվանակարգում:

«Շատ կարևոր է, որ մենք հովանավորչություն անենք բոլոր այն ազգերին, որոնք մեզ հետ թշնամի են և բոլոր այն ազգերին, որոնք մեզ բարեկամ են. դա մեր մեծ հոգու և սրտի արտահայտությունն է»,- ասաց նա և հարցրեց.

«Եթե Հայաստանը միջազգային փառատոն է անցկացնում, պետք է վախենա՞ ադրբեջանական ֆիլմ ցուցադրելուց: Իրենք վախենում են, իրենք չեն ցուցադրի, բայց մենք չենք վախենում»:

Հարցին, թե արդյոք ֆիլմը չցուցադրելը կարո՞ղ էր ազդեցություն ունենալ «Ոսկե Ծիրանի» հեղինակության վրա, Հարություն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք միջազգային փառատոն ենք, մենք պետք է ցուցադրենք, եթե մենք չցուցադրենք թուրքական կամ ադրբեջանական ֆիլմեր, կդառնանք գավառական փառատոն, իսկ մենք իրավունք չունենք գավառական լինելու, քանի որ մեր ամենամեծ զենքերից մեկն արվեստն է, և մեր զենքը չպետք է թուլացնենք»:

Նրա խոսքով՝ պետք է ճիշտ պահպանել մշակութային սահմանները, որովհետև բավականին շատ մշակութային աղբ է լցվել Հայաստան. «Եթե մենք չկարողանանք պաշտպանել մեզ և մեր անունը բարձր պահել, կքաշվենք»,- ասաց ռեժիսորը:

Փառատոնի հիմնադիր-տնօրենը նաև կարծիք հայտնեց, թե ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմը սիրեցին. «Լավ ֆիլմ է, գերմանական արտադրանք է, մենք պետք է ցուցադրենք այդպիսի ֆիլմեր, որպեսզի ցույց տանք մեր ուժը»,- ավելացրեց նա:

«Ոսկե ծիրանի» մամուլի պատասխանատու Անահիտ Օրդյանի փոխանցմամբ՝ ֆիլմի ռեժիսորը Հայաստանում չէ:

Վերջինս նույնպես, մեզ հետ զրույցում խոսելով ֆիլմի արձագանքների մասին, նշեց, որ մեծ հետաքրքրություն կար հատկապես լրատվամիջոցների կողմից: «Ես գիտեմ, որ ֆիլմը համարվում է բավական լավը գեղարվեստական ֆիլմ լինելու համար: Ռեժիսորը ադրբեջանցի է, բայց ֆիլմը գերմանական արտադրանք է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2010 և 2012 թվականներին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները Հայաստանում խնդիրների էին բախվել: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ձախողվի Հայաստանում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու կենտրոնի նախաձեռնությունը։

Իսկ կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը չեղյալ էր հայտարարել Գյումրիում նախատեսվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը: