Երեկ երեկոյան լարված իրավիճակ էր Երևանի Մադոյան 24 հասցեում:

Որոշ ժամանակ առաջ Ոստիկանությանն է դիմել այդ հասցեի սեփականատեր Մելինե Սարգսյանը, ով պահանջել է իր սեփականություն (բնակելի շենք) ապօրինաբար ներխուժած և ապօրինի կեցություն հաստատած քաղաքացիներ Վարդուհի Գևորգյանին, Գագիկ Հովհաննիսյանին, Հեղինե, Քրիստինե, Գևորգ, Ռուզաննա, Վարդան և Արտյոմ Դարբազյաններին դուրս հանել այդ բնակարանից:

Բանն այն է, որ քաղաքացին չի կարողանում սեփական ուժերով իր սեփականության տարածքում ապօրինաբար բնակվող ընտանքին դուրս հանել: Ինչպես իրենք պատմեցին մեր թղթակցին, այս հարցում ոստիկանությունը համագործակցում է այդ ընտանիքի հետ, քանի որ որոշակի գումար է նախապես վերցրել նրանցից:

Մելինե Սարգսյանը մեր թղթակցին պատմեց, որ ոստիկանությունն այս հարցում ոչ օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել։ Ըստ իրեն, երբ երեկոյան ուշ ժամի տուն է վերադառնում, կամ տանը ընտանիքի անդամներից մեկը միայնակ է լինում, ապօրինաբար տեղում հաստատված քաղաքացիներն իրենց ծեծի են ենթարկում, անհանգստացնում են, սպառնում են, որ վերջինս իր սեփականությունը ինքնակամ զիջի իրենց՝ գլուխ գովալով, թե ոստիկանությունն իրենց թիկունքին է կանգնած և ամեն դեպքում իրենց աջակցելու է: Այս ամենը Մելինե Սարգսյանը պատմել է ոստիկանությանը, բայց համապատասխան միջոցառումներ չեն իրականացվում ոստիկանության կողմից:

«Ինձ և քույրիկիս ոստիկանության Շենգավիթի բաժնում սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս, քաշքշում են, ինձ ասում են՝ պարապ ես մնացել, ո՛չ ահազանգերիս, ո՛չ դիմումներիս ոստիկանությունում ականջալուր չեն լինում: Ես հստակ գիտեմ, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում այս գործի շրջանակներում գումարներ են կերել, մեզ էլ հրահրում են, կռիվ են գցում, իմ ահազանգերին չեն պատասխանում: Կարող եմ Ձեզ ցույց տալ՝ իմ հեռախոսից քանի անգամ եմ զանգել ոստիկանություն, բայց զանգերս չեն ընդունում, 10 անգամ զանգում եմ, ասում եմ՝ եկե՛ք, հասե՛ք, օգնե՛ք, չեն գալիս, կարող եմ թղթերը ցույց տալ, որ ահազանգեր եմ կատարել, բայց ոստիկանությունը չի արձագանքում: Ես էլ ինչպե՞ս վստահեմ այդ ոստիկանությանը»:

Նշենք, որ դեպքի առնչությամբ Մելինե Սարգսյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը նամակ է հղել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Փաստաբանը նամակում նշել է, որ Ոստիկանության անգործությունը հանգեցրեց նրան, որ Մ. Սարգսյանի և ապօրինի ներխուժածների միջև հարաբերությունները խստագույնս լարվել են և նրանց միջև հնարավոր բախումները կարող են հանգեցնել նույնիսկ ագրեսիվ հողի վրա կատարվող, քրեորեն հետապնդելի արարքների կատարմանը:

Փաստաբանը ոստիկանապետին խնդրել է վերացնել ՀՀ ԿԱ ՈԾ Երևանի Շենգավիթի բաժնի վարչական անգործությունը, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:

Մելինե Սարգսյանը վախենում է իր և իր ընտանիքի համար, քանի որ ամեն անգամ սպառնալիքներ են տեղում իր գլխին, իսկ ոստիկանությունը պարապուրդի է մատնված:

Մենք հետևողական կլինենք այս գործի շրջանակներում զարգացող իրադարձություններին և խնդրի անաչառ լուծման հարցում:

Նելլի Ավետիսյան