Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար Ք.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ գրավատան գործունեությամբ զբաղվող «Կրեդիտ Լայն» ՍՊ ընկերության տնօրեն Ք.Պետրոսյանը, ով փաստացի իրականացրել է նաև տարադրամի փոխանակման գործունեություն, 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, թվով 5 քաղաքացիների վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես՝ ըստ դատավճռի՝ Ք.Պետրոսյանը, հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով, արտարժույթ վերցնելու, շահավետ փոխարժեքով փոխանակելու և արագ վերադարձնելու, ներդրված գումարների հաշվին իբր մատչելի գնով ոսկյա զարդեր ու ադամանդե քարեր գնելու և վաճառելու, դրանից գերշահույթ ստանալու և հնարավոր ներդրողներին բաժնեմաս հատկացնելու, իբր խոշոր դրամական շրջանառություն ունեցող և շահույթ ակնկալող վարկային կազմակերպություն հիմնադրելու, այդ կազմակերպության բաժնետեր դարձնելու պատրվակներով, առավել խոշոր չափերի գումարներ ստանալու եղանակով չարաշահելով վերոնշյալ 5 քաղաքացիների վստահությունը, նրանցից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1 535 100 ԱՄՆ դոլար, 30 000 եվրո և 6 880 000 ՀՀ դրամ գումար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. հուլիսի 4-ի դատավճռով՝ Ք.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: