168.am. Այսօր՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման առաջին օրը, Երևանում տեղի է ունեցել «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան, որից առաջ քաղաքացիական այս նախաձեռնության ակտիվիստներն ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ են փակցրել տարբեր վայրերում: Ոստիկանությունը տարբեր բաժիններ բերման է ենթարկել ակցիայի մի շարք ակտիվիստների, որոնց մի մասին որոշ ժամանակ անց բաց է թողել: Առաջին հայացքից՝ սոցիալական դրդապատճառներով քաղաքացիական ընդվզման փորձ հիշեցնող այս ակցիան իրականում իր բնույթով ու նշանակությամբ քաղաքական է: Հենց դրա մասին է վկայում ակցիայի ակտիվիստներին բերման ենթարկելու հանգամանքը: Կարելի է չկասկածել՝ «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամներին բերման ենթարկելու որոշումը ոստիկանները չէին կարող կայացնել առանց իրենց ղեկավարության հետ համաձայնեցնելու: Հակառակը՝ շատ ավելի հավանական է, որ ոստիկանները նախապես նման հրահանգ են ստացել ղեկավարությունից, որն էլ իր հերթին՝ այդ հրահանգը ստացել է ավելի վերևից: Այսինքն՝ մեծ հավանականությամբ, այս ակցիայի ակտիվիստներին բերման ենթարկելու որոշումը քաղաքական որոշում է: Հայաստանում ներկայումս ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ վստահաբար ավելի վատթարանալու է աշնան ամիսներին, իշխանության համար իրականում լուրջ վտանգ է ներկայացնում: Իշխանությունն այլևս չի մտահոգվում ընդդիմությունից, քանի որ հիմա ընդդիմադիրները բողոքի ակցիաներ են անցկացնում միայն քաղաքապետարանից թույլտվություն ստանալուց հետո և ոստիկանների համերաշխ ընկերակցության ներքո: Բացի այդ, ընդդիմադիր ուժերը տարբեր խողովակներով այնքան են սերտաճել իշխանական համակարգին, որ նրանցից, գոնե առայժմ, իշխանությունը լուրջ վտանգ չի զգում: Այլ հարց են քաղաքացիական խմբերը: Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ՝ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժածների բողոքը, բանակում զոհված զինծառայողների ընդվզումը, գյուղացիների կողմից տարբեր մայրուղիներ փակելու երևույթը հաշվի առնելով՝ իշխանությունները մտահոգվում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ընդ որում, բողոքի այս ակցիաները, այդ թվում՝ «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնությունը, ոչ թե, այսպես կոչված՝ գրանտակեր «քաղաքացիական նախաձեռնությունների» կողմից են կազմակերպված (որոնք, ինչպես հայտնի է՝ կարող են ավարտվել նաև «Տարոն ջան, սիրուն չի» հաղթական կարգախոսով), այլ իսկապես քաղաքացիների, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների կողմից իրականացվող խայտառակ քաղաքականության նկատմամբ: Իսկ այսպիսի նախաձեռնությունները՝ լինելով շատ ավելի պակաս կառավարելի՝ քաղաքական ուժերի ու «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» կողմից, իրականում կարող են վտանգավոր դառնալ իշխանության համար՝ դառնալով այն երևույթի հիմքը, որն անվանում են սոցիալական բունտ: Իսկ իշխանությունն այս պահին ամենաշատը մտահոգվում է հենց սոցիալական բունտից: Որքան էլ ընդդիմադիր «գործընկերների» հետ միասին իշխանության խոսնակները հասարակությանը փորձում են համոզել, թե սոցիալական բունտն անհարիր է մեր հոգեկերտվածքին, դրա վտանգը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է, քանի որ մարդիկ այլևս չեն կարողանում ապրել ամեն օր թանկացող կյանքով: Այնպես որ, իշխանության խնդիրն այս պայմաններում բողոքի ցանկացած ալիք տապալելն է: Հենց այդ նպատակով են «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները բերման ենթարկվել, որպեսզի մյուսների համար դաս լինի, որ չի կարելի պայքարել: Այսինքն՝ մեծ հաշվով, սոցիալական բունտը Հայաստանում գրեթե հասունացել է, և իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն որևէ պահի «չպայթի»: Թե որքան ժամանակ ևս կհաջողվի դա իշխանությանը, դժվար է ասել: Առավել ևս, որ բունտ «ծնող» պայմանները ոչ թե նվազում, այլ ամեն օր ավելանում են:
Ռոբերտ Տեր-Սարգսյան