Մայրաքաղաքի հանգստի մի շարք գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների մասնակցությամբ «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում:

Հնավայրի տարածքից թափոնների հեռացման աշխատանքներին ներգրավվել են աղբատար և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Երևանի քաղաքապետարանը հոգացել էր նաև մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաների ապահովումը:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս մաքրման աշխատանքներ են իրականացվել 4 վայրերում, ուր տարածքները բերվել են պատշաճ տեսքի: Սա, ըստ վերջինիս, կնպաստի, որ քաղաքացիները ավելի ուշադիր և հոգատար լինեն հարազատ քաղաքի նկատմամբ:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և իրականացված աշխատանքների համար, նշել է, որ հատկապես ամռան այս շրջանում, երբ թանգարան շատ են այցելում զբոսաշրջիկները, մաքրման գործում աջակցությունը տեղին էր և կարևոր՝ տարածքի պահպանման տեսանկյունից:

Նախատեսվում է «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել «Փարոս» անտառպուրակի տարածքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն