Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնավայրի, սակայն ոչ միջնաբերդի տարածքում զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու համար նախատեսվում է ավտոկայանատեղի, հուշանվերների խանութներ, ինչպես նաև ուրարտական ճաշարան բացել։

 

Լրագրողների հետ զրույցում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ փորձում են միջազգային փորձի հիման վրա ստեղծել թանգարանների ժամանակակից մատուցում։

 

«Փորձում ենք համատեղ ներկայացնել ոչ նյութական և նյութական ժառանգությունները։ Եթե ստեղծում ենք ճաշարան, չի նշանակում, որ թանգարանի տարածքում ռեստորան է բացվելու»,- շեշտեց Գյուրջյանը։

 

Պեղումները փաստել են, որ ուրարտական ժամանակաշրջանի կերակուրներում օգտագործվել են գարի, սիսեռ, սալոր և այլ գյուղատնտեսական ապրանքներ:

 

Ճաշարանում ներկայացվելու են ուրարտական բաղադրատոմսով պատրաստված կերակրատեսակներ։ Այն կլինի ուրարտական վերստեղծված բնակելի տանը, մատուցողներն էլ համապատասխան տարազներով կլինեն։