Սույն թվակականի հուլիսի 22-ին Մաշտոցի պողոտայում' ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած խաղաղ հավաքների վերաբերյալ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով փորձ է արվում հավաքը պիտակավորել որպես «մի խումբ անձանց անօրինական գործողություններ», որոնք կարող են պատճառ հանդիսանալ վարորդների հոգեկան և բարոյահոգեբանական վիճակի վատթարացման առիթ և վտանգ ներկայացնել ուղևորների փոխադրման համար:
Ոստիկանության նմանատիպ հայտարությունները նպատակ են հետապնդում նախ ազատ կամարտահայտման և խաղաղ միավորման սկզբունքով օրենքի և միջազգային պայմանագրերի հիման վրա կազմակերպված միջոցառումները արհեստական ձևով ներակայացնել որպես ոչ օրինաչափ գործողություններ, ինչն էլ իր հերթին ոստիկանությանը հնարավորություն կտա օրենքի պահպանման մտացածին քողի տակ դիմել ուժի և ոչ իրավաչափ գործողություններով խախտել խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքները:
Երկրորդ' հայտարարությամբ հանրության մոտ փորձ է արվում կարծիք ստեղծել, այն մասին, թե իբր ոստիկանության գործողությունները ուղղված են միայն նրանց անվտանգությունն ապահովելուն:
Հայտարարում և միաժամանակ ՀՀ ոստիկանությանը հիշեցնում ենք, որ'
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածի համաձայն' «Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի»,
Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն' «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խաղաղ ժողովների ազատության և ուրիշների հետ միավորվելու»
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն « Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ Երևանի քաղաքապետարանի որոշումը խախտում է ՀՀ սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված սոցիալական արդարության սզբունքը, մենք հայտարարում ենք, որ ոստիկանության գործողությունները (անհիմն ձերբակալություններ, բռնի ուժի կիրառում խաղաղ մասնակիցների նկատմամբ) ոչ իրավաչափ են և խոչընդոտում են մեր սահմանադրական իրավանուքների կենսագործմանը:
Անդրադառնալով վարորդների բարոյահոգեբանական վիճակին' ոստիկանության ուշադրությունը հրավիրում ենք այն բոլորի համար ակնառու փաստերին, որ վարորդների նման վիճակը և ուղևորների անվտանգությունը ուղղակիորեն կախված են վարորդների աշխատանքային պայմաններից, ինչպիսիք են օրական 8 ժամից ավելի առանց հանգստի և ծանր պայմաններում աշխատելուց, առանց նորմալ քնի ղեկին նստելուց, ինչպես նաև ոչ սարքին և ուղևորներով գերծանրաբեռնված մեքենաներով մարդկանց տեղեփոխելուց, ինչը բազմիցս և հանգեցրել է մարդկային անվերադարձ կորուստների: Ավելորդ լարվածություն է ստեղծում նաև ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները կանգառներում: Մենք հորդորում ենք զբաղվել ոչ թե մտացածին անօրինական գործողությունների կանխարգելմամբ, այլ դրա փոխարեն ուշադրությունը սևեռել վերը հիշատակված իրական իրավախախտումներին, ինչը կբացառի վարոդների բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը և կապահովի ուղևորների անվտանգությունը:
Նաև պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը կանխի խաղաղ ակցիաների ընթացքում թաղային խուժանի և գծատերերի միջամտությունները' լարված մթնոլորտ հրահարելը, բռնություններ կիրառելը և անկառավարելի վիճակներ ստեղծելը:
Վերջում ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք' իրավագիտակից ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները' առաջնորդվում ենք բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով:
«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնություն