Հուլիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ:

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Երեւանում հայ-լիբանանյան գործարարների համաժողով կազմակերպելու վերաբերյալ: Համոզմունք է հայտնվել, որ համաժողովը, որին կմասնակցեն հնարավոր ներդրողներ, արդյունաբերողներ, գործարարներ, ֆրանչայզինգի ընկերություններ, կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Կարեւորվել է նաեւ MEA ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթների իրականացումը, ինչը նույնպես կարող է նպաստել զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացմանը:

Նախարար Սափունջյանը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել դեսպան Քոչարյանի կողմից տրամադրած ներդրումային ծրագրերն ու հայկական արտադրության ապրանքների ցանկը, ինչն անկասկած կօգնի լիբանանյան գործարարների պատվիրակության անդամների ընտրության հարցում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լիբանանի ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը: