Ինչպես արդեն հայտնել էր MediaMall.am-ը՝ հղում կատարելով Shamshyan.com-ին, 22-ամյա Ասատուր Խաչատրյանը Կիևի օդանավակայանում որոշակի փաստաթղթային խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով նրան պետք է հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն ուղևորվել է Կիևից Ադրբեջան ուղարկված ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանի հայրական տուն: ՀՀ ոստիկանապետի խորհրդականին հաջողվել է «Սկայպ»–ի միջոցով կապ հաստատել ուկրաինական կողմի լիազոր ներկայացուցիչների և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աշխատակիցների հետ։ Հաղորդակցության արդյունքում ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ շտապ կերպով կշտկի տեղի ունեցած թյուրիմացությունը։ Նրանց փոխանցմամբ՝ մեր հայրենակիցը վաղը ևեթ Բաքվից կտեղափոխվի Կիև, որտեղ արդեն նրա հարցով կզբաղվեն ՀՀ դեսպանատան լիազոր ներկայացուցիչները։