Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նախօրեին վերջապես ստացել է քաղաքապետարանում ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, որում նշված են այն հիմնավորումները, որոնցով քաղաքապետն առաջնորդվել է տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ որոշում կայացնելիս: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց խմբակցության ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Բնականաբար, մեզ տակավին չի բավարարում այդ հիմնավորումներով ընդունված ակտի կասեցումը: Այդ հիմնավորումներով ընդունված որոշումն ընդհանրապես պետք է ուժը կորցրած ճանաչվի»,-ասաց նա:

Ս.Սաֆարյանն ընդգծեց, թե, հաշվի առնելով այն, որ Երևանի ավագանին քաղաքապետի կողմից կայացված ակտերը կարող է վիճարկել դատական կարգով, խմբակցությունը ներկայումս աշխատում է Վարչական դատարան հայց ներկայացնելու ուղղությամբ:

Հեղինակ:
«Փաստինֆո»