Սոցիալական ոլորտի հերթական, տարածքային գործը մակագրվել է Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանին:
Այսպես, ըստ մեղադրանքի, Գոռ Թադևոսյանը՝ հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍՈՑԱՊ պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի Արաբկիր-2 տարածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձ և օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու և ղեկավարելու լիազորություններով՝ պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Էդգար Ալեքսանյանի, Ստելլա Սարհատյանի և Վոլոդյա Գրիգորյանի հետ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։
Ըստ Էդգար Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍՈՑԱՊ պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի Արաբկիր-2 տարածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձ և օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարման լիազորություններով, 2009թ. մայիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է կենսաթոշակի զգալի չափերի գումարներ, ինչպես նաև՝ ստորաբաժանման պատասխանատու Գ.Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակել է կենսաթոշակի զգալի չափերով գումար։
Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍՈՑԱՊ պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի Արաբկիր-2 տարածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձ հանդիսացող և բաժանմունքի տեսուչ-վճարման լիազորություններով օժտված Ստելլա Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի 2009թ. հոկտեմբերին նույն ստորաբաժանման պատասխանատու Գ.Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով պետությունից հափշտակել են կենսաթոշակի զգալի չափերով գումար։
Գոռ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացնելը կամ վատնելը, Էդգար Ալեքսանյանին՝ 179-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով և 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, վերջին երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Ստելլա Սարհատյանին: