Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել։ Այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
«Ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրանց»,- ասաց Հարությունյանը։Հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է, Նաիրա Հարությունյանը պատասխանեց, որ նա դեռ չի հարցաքննվել։
ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ տվյալներ:
ՔԿ-ն քրեական գործով ձեռք է բերել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին: