ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը քաղաքական հանցագործություն է, նրա կրծքին արձակված կրակոցն ունեցել է սպանելու և ոչ թե վախեցնելու դիտավորություն: Այս մասին այսօր իր ճառում նշեց տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը:

Այդուհանդերձ, եթե դատարանն ապացույցները գնահատելիս գտնի, որ մեղքն ապացուցված չէ կամ կան ակնհայտ հակասություններ, որոնք կարող են անդրադառնալ դատական ակտի վրա, թող դատարանն այն գնահատի ի նպաստ ամբաստանյալների: Ըստ Լ.Բաղդասարյանի, սակայն եթե ակնհայտ լինի, որ ամբաստանյալներն են հանցագործություն կատարողներն ու կազմակերպիչը, «պետք է գործի օրենքն իր ողջ խստությամբ», այդ թվում՝ բավարարվի քաղաքացիական հայցը: «Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը պաշտպանում է իրեն հանցավոր ոտնձգություններից, իսկ ընտրություններից առաջ և հետո մահափորձերն ու վախի մթնոլորտ ստեղծողներն այսուհետ մեր հայրենիքում նմանօրինակ «գործերով» պետք է դառնան գործազուրկ»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:

Լ.Բաղդասարյանն ընդգծեց, որ տուժող կողմի ներկայացրած հատուցման գումարի՝ 43մլն. 424 հազար դրամ, պահանջը, ավելի քան քիչ է՝ հաշվի առնելով, որ տուժող Հայրիկյանի աջ ձեռքը հաշմվել է և որ երկրորդ վիրահատությունից հետո ոչ մի մասնագետ չի երաշխավորել, որ այն լրիվ ծավալով կվերականգնվի: Ավելին, ըստ տուժողի ներկայացուցչի, գործում առկա է Բրյուսելի Ձեռքի և վերին անդամի վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Անն Լեժանի մասնագիտական գրությունն, ըստ որի հետվիրահատական բուժումները կլինեն երկար և 2 տարի անց պարտադիր անհրաժեշտ է լինելու նոր վիրահատություն:

Տուժողի ներկայացուցչի ճառին նախորդել էր մեղադրող Արամ Ամիրզադյանի մեղադրական ճառը, որում վերջինս միջնորդել էր ամբաստանյալներ, սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանին ու Սամվել Հարությունյանին դատապարտել համապատասխանաբար՝ 12, 13 և 14 տարվա ազատազրկման:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, օգոստոսի 27-ի դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:

Հեղինակ:
«Փաստինֆո»