www.tert.am ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր իր պաշտպանական ճառում նման հայտարարություն արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպանը՝ Լյուդվիգ Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ Խաչատուր Պողոսյանը Պարույր Հայրիկյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, այլ փորձել է միայն վախեցնել նրան:

«Խաչատուր Պողոսյանը զենքը պահել է Պարույր Հայրիկյանի աջ կողմին, և միայն այն ժամանակ է կրակել, երբ վերջինս կտրուկ շարժումներ է արել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Պողոսյանը կրակ է բաց թողել ու վիրավորել նրան՝ հենց աջ կողմից: Իսկ կրակել է, քանի որ խուճապի է մատնվել և անգամ փախչել է այլ ուղղությամբ, այնինչ գործընկերը նրան այլ տեղում էր սպասում»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Մահափորձը իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:

Լյուդվիգ Պետրոսյանը հիշեցրեց մի շարք վկաների ցուցմունքներ և մասնավորապես անդրադարձավ նրան, որ կրակոցի ձայնը մի շարք վկաներ նմանեցրել են հրավառության ձայնի, մի մասն ընդհանրապես չի լսել, միայն մի քանիսն են ասել, թե ձայնը նման էր կրակոցի:

«Հանցագործությունը մինչև վերջ բացահայտված չէ և պատվիրատուները հայտնի չեն: Ապացույցազուրկ գործ է սա»,- ասաց նա:

Լյուդվիգ Ավետիսյանն ընդգծեց, որ դատարանում չապացուցվեց, թե ինչ դրդապատճառներով Վարդան Սեդրակյանը պետք է պատվիրեր սպանել Պարույր Հայրիկյանին, ինչու պետք է դադարեցներ նրա քաղաքական գործունեությունը, ինչ խնդիր էր լուծելու դրանով:

Պաշտպանը դատարանին հորդորեց որոշում կայացնելիս հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները՝ մասնավորապես, որ Խաչատուր Պողոսյանն անչափահաս երեխա ունի, շաքարային դիաբետով հիվանդ է, ինչպես նաև այն, որ ինքը հանցագործության բացահայտմանն աջակցել է՝ փամփուշտները ներկայացրել է Ոստիկանություն:

Լուսանկարը՝ armtimes.com-ի