ԳԱԼԱ. Այսօր Գյումրու քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն էր քաղաքապետի, ավագանու անդամների և համապատասխան բաժնի պետերի մասնակցությամբ: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը ներկայացրել է, որ այսօր քաղաքում կա 4.890 վառվող լուսակետ: Ըստ նրա՝ 2012 թվականի առաջին վեց ամիսներին քաղաքի արտաքին լուսավորման համար ծախսվել է 90 մլն 397 հազար դրամ, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով ծախսվել է 68 մլն-ից ավելի դրամ, ընդ որում վերջին տարում, Մանասյանի խոսքերով, 1200-ով ավելացվել է վառվող լուսակետերի քանակը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հետաքրքվել է, թե ինչպես է եղել, որ նախորդ տարի ավելի քիչ ծավալի աշխատանքի դեպքում կրկնակի ծախս է գրանցվել: Կնյազ Մանասյանը պարզաբանել է'իրենք նախորդ տարիներից միայն թվային տվյալներ են վերցրել,իսկ աշխատանքի որակին գնահատական չեն տալիս: Ավագանու անդամներից մեկն էլ ներկայացրել է բնակիչների այն դժգոհությունները, թե թաղամասերում հիմնականում փայտից հենասյուներ են: Քաղաքապետն առաջարկել է ստուգայց կատարել այդ թաղամասերում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքային տրասպորտում և մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրներ:
Տեսանյութը դիտել այստեղ: