Մոսկվայում հուլիսի 13-ին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Դեպքից հետո մեր հայրենակցին դատարան տարան հիվանդանոցից՝ կանացի գույնզգույն, ծաղկավոր խալաթով: Այլազգի տղամարդու նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքն ու ռուսաստանյան ԶԼՄ-ների ընդգծված ազգայնական մեկնաբանություններն ու պիտակավորումները բացահայտեցին այդ երկրում առկա տրամադրությունները ներգաղթյալների, այդ թվում' նաև հայազգի աշխատանքային միգրանտների նկատմամբ:
Ու թեև այս դեպքը մեծ արձագանք գտավ Հայաստանում, և հասարակության վրդովմունքն էլ ստիպեց հայաստանյան պաշտոնյաներին որոշ քայլեր ձեռնարկել, այդուհանդերձ, ասել, թե այս դեպքը եզակի կամ աննախադեպ է, կնշանակի դեմ գնալ սեփական խղճին:
Ռուսաստանում հայազգի ներգաղթյալների նկատմամբ այդ երկրում մեծաթիվ ազգայնականների բռնի գործողությունները միշտ էլ եղել են, եղել են նաև իրավական համակարգի կողմից ակնհայտ անօրինական գործողությունների ու անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքեր, երբ իրավական գնահատականը տրվել է ոչ թե օրենքով, այլ «Ռուս չե՞ս, ուրեմն մեղավոր ես» սկզբունքով: Ու եթե մինչև հիմա որևէ հայ տղամարդ կանացի խալաթով դատարան չէր բերվել, դեռ փաստ չէ, թե այդ երկրում նրան այդ հոգեբանությամբ չեն վերաբերվել: Ուղղակի մենք անուշադրության ենք մատնել մեր երկրի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ կատարվող դժբախտությունները, նրանց նկատմամբ ազգային հիմքի վրա կայացվող անօրինական ու ակնհայտ կեղծ դատավճիռները:
Այսօրինակ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2011թ-ի սեպտեմբերին, Մալոյարոսլավեց քաղաքում:
19-ամյա Ալիկ Սիմոնյանն իր մի քանի հայ և վրացի ընկերների հետ այցելել էր տեղի ակումբներից մեկը: Մատուցողները և բարմենները սկբունքորեն չէին սպասարկել ներս մտած կովկասցիներին' փորձելով ցույց տալ նրանց, որ նրանք Ռուսաստանում երկրորդ կարգի մարդ են: Կովկասցիներն իրենց դժգոհոթյունն էին հայտնել նման վերաբերմունքից, որից անմիջապես հետո նրանց մոտեցել էին անվտանգության աշխատակիցները' Երշ մականունով հայտնի ոմն Ալեքսեյ Երշովի գլխավորությամբ: Վերջինները կռիվ էին հրահրել և կովկասցիներին հրավիրել դրսում հարաբերությունները պարզելու: Ծեծկռտուքի արդյունքում Երշովը դանակի հարվածներից թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել:
Կռվի մասնակիցները ձերբակալվել էին, սակայն շուտով ազատ արձակվել: Իսկ Ալիկ Սիմոնյանը նախ ոստիկանություն էր հրավիրվել որպես վկա, ապա՝ ձերբակալվել: Այնուհետև նրան ազատ էին արձակել' 600.000 ռուբլի գրավի դիմաց: Ի պատասխան այն հարցի, թե ինչու Ալիկ Սարգսյանն ազատ արձակվեց տեղի ոստիկանապես Գորբորուկովը ասել էր. «Հիմքեր կային: նան ախկինում չի դատապարտվել, քաղաքի գրանցում ունի, այստեղ ապրում է մանկությունից, բացի այդ էլ, լավ տղա է այդ Ալիկը»:
Բայց ռուսաստանյան արդարադատությունը, այս դեպքում ևս գերադասեց ծառայել ազգայնականների տրամադրություններին:
Գործով որպես տուժող հանդես եկող հանրահայտ Երշովը ռուս ազգայնականի տիպիկ մարմնավորում է, նա Մալոյարոսլավեցի ֆուտբոլի երկրպագուների խմբի ղեկավարն է: Իսկ վերջինները ռուսաստանում հայտնի են իբրև ազգայնական գաղափարներ ունեցող երիտասարդների խմբավորումներ, որոնց հիմնական թիրախը հատկապես կովկասյան ազգերի ներկայացուցիչներն են, անկախ իրենց ով լինելուց:
Հետաքննության և նախաքննության փուլում իրավապահների վրա ճնշումներ բանեցնելու և անկողմնակալությունը բացառելու նպատակով Մալոյարոսլավեց էին ժամանել շուրջ երեք հարյուր «ֆուտբոլային երկրպագուներ» ռուսաստանի այլ բնակավայրերից: Նրանք շրջում էին քաղաքի փողոցներում և հայազգի երիտասարդի դեմ կոչեր անում:
Այսպիսի անթաքույց քարոզչությունն էլ կանխորոշեց Ալիկի ճակատագիրը: Արդեն դատարանում գործով անցնող 16 վկաներից Ալիկի դեմ ցուցմունք տվեցին միայն Երշովի նախկին երեք գործընկերները:
Քաղաքում բոլորը շատ լավ գիտեին, թե իրականում ով էր դանակով հարվածել Երշին, գիտեին նաև, որ նա փախել է երկրից: Ալիկ Սիմոնյանը նույնիսկ տեսաձայնագրություն էր ներկայացրել, որտեղ Երշին հարվածած երիտասարդը պատմում էր, թե ինչպես է Երշը իրեն խփել և նա ստիպված դանակի մի քանի հարված է հասցրել' փորձելով փրկվել բռնցքամարտիկի հուժկու հարվածներից:
Բայց բոլոր այս փաստերը դատարանը հաշվի չառավ: Որքան էլ որ դատարանը հիմքեր չունենար Ալիկ Սիմոնյանին մեղավոր ճանաչելու, ազգայնական հասարակության համար անհրաժեշտ էր, որ մեղավորը Կովկասից լիներ:
Ակնհայտ ճնշումների ներքո ռուսաստանյան արդարադատությունն Ալիկ Սիմոնյանին դատապարտեց 4.5 տարվա ազատազրկման և 500.000 ռուբլի տուգանքի: Այս գումարն, ի դեպ, ավելի վաղ մտցվել էր գրավի մեջ:
Ալիկ Սիմոնյանի պատմությունը և դատավարության ընթացքը ռուսաստանյան մամուլը լայն արձագանքի չարժանացրեց: Հայաստանից հեռու ապրող մեր հայրենակցի ճակատագրին անհաղորդ մնաց նաև հայ հասարակությունը: 19-ամյա անմեղ դատապարտված հայ երիտասարդը մոռացության մատնվեց:
Վերադառնալով մեր մեկ այլ հայրենակցի' Հրաչյա Հարությունյանի դեպքին, հիշեցնենք, Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե դատավճռից հետո ռուսաստանյան կողմից պահանջելու են, որպեսզի հայազգի վարարդն իր պատիժը կրի հայաստանյան կալանավայրում: Նրա իրավունքների ոտնահարման և արժանապատվությունը վիրավորելու հարցով մտահոգ Ռուսաստան մեկնեց նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Հարց է ծագում, ինչու ընդամենը 1-2 տարի առաջ Հայաստանը նույնությամբ չարձագանքեց իր հայրենակցի նկատմամբ նմանատիպ վերաբերմունքին:
Այս հարցի պատասխանի ակնկալիքով դիմեցինք ՀՀ ՄԻՊ գրասենյակ: Պաշտպանի գրասենյակից մեզ պատասխանեցին, որ բավարար չափով տեղեկացված չեն եղել Ալիկ Սիմոնյանի գործից, բայցևայնպես, վստահեցրեցին, որ պատրաստ են օգնել, իրավաբանական խորհրդատվություն տալ, բացատրել, թե ինչ է անհրաժեշտ հանձնման գործընթացի համար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը խորհուրդ տվեց առաջին հերթին դիմել Արդարադատության նախարարություն, քանի որ այս հարցով իրավասու պետական մարմինը ՀՀ Արդարադատության նախարարությունն է: Երանուհի Թումանյանցը նաև հավելեց, որ հանձնման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատապարտված անձի հարազատները լիազորված լինելով, դիմեն իրավասու մարմնին:
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն, դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք պայմանների առկայության դեպքում, որոնցից են նաև տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու պայմանները:
Այս դեպքում, վերջնական, ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը փաստ է, սակայն, բացակայում է քաղաքացիության պայմանը: Ալիկ Սիմոնյանը մանկուց բնակվելով ՌԴ-ում, ունի այդ երկրի քաղաքացիություն:
Հեղինակ:
Նելլի Դանիելյան