Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը Mediamall.am–ի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քաղաքապետարանից նշեցին, որ որևէ մանրամասն ներկայացնել չեն կարող. «Միայն կարող եմ ասել, որ ազատվել է պաշտոնից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ իրենց տեղեկություններով առաջիկայում Հայաստանում կստեղծվի մի նոր գերատեսչություն՝ քաղաքաշինության պետական կոմիտե:
«Ըստ տեղեկությունների այն գլխավորելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նման կոմիտեի ստեղծման գաղափարի հեղինակը հենց Նարեկ Սարգսյանն է, որը ղեկավարելով այդ կոմիտեն, կստանա նոր լիազորություններ, և ընդհանրապես, սա կդաոնա քաղաքաշինության ոլորտի սուպերգերատեսչություն: Թե ինչի դա կհանգեցնի, դժվար չէ կռահել, հաշվի առնելով մասնավորապես այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում Երևանի կենտրոնում՝ կանաչ տարածքների ոչնչացում, փայլփլուն, անդեմ շենքեր, կառույցների անասելի խտացում»,- գրել էր թերթը: