Lragir.am. Հայաստանը դառնում է առանցքային Մեծ Մերձավոր Արեւելքի վերաֆորմատավորման գործընթացում: Մեր աչքի առջեւ տեղի են ունենում իրապես պատմական իրադարձություններ՝ Հայաստանի, նրա հետ միասին ողջ աշխարհքաղաքական պլաստի 300-ամյա գոյությունը ռուսական-եվրասիական տարածությունում ավարտվում է, եւ Երեւանը դառնում է ինքնուրույն միջազգային սուբյեկտ:
Մինչ այժմ մեր երկիրը չի վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, մնալով ռուսական քաղաքականության ծիրում: Մենք միջազգային ասպարեզում պաշտպանել ենք այն դիրքորոշումները, որոնք ձեռնտու էին Մոսկվային եւ հաճախ հակասում էին մեր շահերին, մենք բարեկամություն էինք անում այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններ էր պահում Մոսկվան: Միայն սփյուռքի շնորհիվ Հայաստանը կարող էր ապահովել արտաքին նվազագույն քաղաքականություն, սակայն դա էլ «վնասազերծվում էր» Հայաստանի կողմից:
Ներկայում տեղի է ունենում այդ հարաբերությունների վերանայումը: Դրա վկայությունը ԵՄ հետ ասոցացման գործընթացն է, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախաձեռնություններից հրաժարվելը, որոնք ենթադրում են ռուսական զորքի մուտքը Ղարաբաղ:
Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների կողմից թուրք հովվի գնդակահարությունը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխանության գլխավոր հարցերից մեկը՝ ինչո՞ւ են ինքնիշխան Հայաստանի սահմանները պաշտպանում այլ երկրի սահմանապահները: Ինչո՞ւ են Հայաստանի սահմանները համարվում «ԱՊՀ արտաքին սահմաններ», որոնք պահպանում է Ռուսաստանը:
Այս հարցերը երկու պատասխան ունեն. կամ Ռուսաստանը պաշտոնապես պետք է հայտարարի, որ չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը եւ նրան համարում է իր «էքսկլավը» (նման հայտարարություն արդեն հնչել է), կամ իր սահմանապահներին հանի Հայաստանից:
Ռուսական-եվրասիական գոտին ուժի միջոցով պահվում է արդեն 20 տարուց ավելի, որպես խորհրդային կայսրության «իրավահաջորդ»: Սակայն հետխորհրդային երկրներին կապող ոչինչ չի մնացել, բացի «կայսրությունը հավաքելու» Ռուսաստանի ղեկավարության ցանկությունից: Այս ցանկությունն արդեն անցնում է բոլոր սահմանները՝ ուկրաինացի ձկնորսը, որը ողջ է մնացել ռուսական սահմանապահ նավի հետ բախումից հետո, պատմում է, որ իր ձկնորսական նավակի վրա երեք անգամ հարձակվել են:
Գործընթացը դառնում է անշրջելի, քանի որ այն Մեծ Մերձավոր Արեւելքի գլոբալ վերաֆորմատավորման մի մասն է: Դա հրաշալի հասկանում են Հայաստանի հարեւանները՝ Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն գրեթե չեն ընկալում Հայաստանում: Ավելին, գտնվում են ուժեր, որոնք փաստացի հանդես են գալիս սեփական երկրի ինքնիշխանության դեմ, պնդելով ռուսական պրոտեկտորատի շարունակումը:
Այս ուժերը պատրաստ են աջակցել ռուս-թուրքական դաշինքին եւ Ադրբեջանին Սմերչի վաճառքին, միայն թե չդառնան ինքնուրույն սուբյեկտ, քանի որ սովոր չեն ինքնուրույնության:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայ ժողովրդին բնութագրում է որպես զարմանալի խելացի, բարեհոգի եւ աշխատասեր, միայն թե շատ արագ է հիասթափվում անհաջողություններից ու թեւաթափ լինում: Իսկապես, մենք չենք սիրում ռիսկի դիմել, գերադասելով մնալ ուրիշների «ծիրում»: Եւ նրանք, ովքեր կառավարում են մեզ, հրաշալի գիտեն մեր բնավորության այդ գծի մասին եւ հաջողությամբ շահագործում են այն:
Նույնիսկ հիմա, երբ, ինչպես Իգոր Մուրադյանն է ասում, Հայաստանն ունի իրական հնարավորություններ, մենք հրաժարվում ենք դրանցից, գերադասելով կախյալ վիճակը: Այնուամենայնիվ, Հայաստանը դառնում է ինքնիշխան, չնայած հենց Հայաստանի դիմադրությանը: 

Նաիրա Հայրումյան