Ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնված հայ զինվորը' Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը գնացել էր ջուր բերելու եւ մոլորվել: NEWS.am-ի փոխանցմամբ, Հակոբը ծառայում էր Ասկերանի շրջանի զորամասերից մեկում:
22-ամյա Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը Ոսկեվազ գյուղի բնակիչ է եւ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Ճեմարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով, ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, սոցիալապես անապահով են, իսկ Հակոբը ընտանիքի մեծ որդին է:
«Ծնողների վիճակը շատ վատ է: Հատկապես մոր վիճակը: Ամբողջ գյուղը հավաքվում, գնում-գալիս են: Մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ներկայացրել է գյուղապետը:
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Տարվում է քննություն դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ:
Միջադեպի մասին արդեն տեղյակ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն հայ զինվորին դեռ չեն տեսակցել' պատճառաբանելով, թե Ադրբեջանում օգոստոսի 8-ը ոչ աշխատանքային օր էր: