«Ադրբեջանում ընդդիմադիր «Ազգային խորհրդում» բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն արդեն ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը դժգոհություններ է սկսել առաջացնել հենց կառույցի ներսում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Բնական է, որ նախագահի պաշտոնի համար պայքարող մարդն արդեն բավական երկար ժամանակ գտնվում է երկրից դուրս և անընդհատ Ադրբեջան վերադառնալու տարբեր ժամկետներ է նշում: Մասնավորապես Ազգային խորհուրդը հայտարարել էր, որ Իբրահիմբեկովը Ադրբեջան կվերադառնա օգոստոսի 12-ին, սակայն ինքը' Իբրահիմբեկովը, երկու օր առաջ ասել է, որ նրա գալը կարող է ձգձգվել, քանի որ նա այժմ Մոսկվայում ներգրավված է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մեջ, և այն կարող է երկարել: Այս խոսակցություններն արդեն իսկ հոգնեցրել են ընդդիմության ներկայացուցիչներին:
Նրանցից շատերը գտնում են, որ Իբրահիմբեկովը վախենում է վերադառնալ Ադրբեջան, զուրկ է խարիզմայից և լիդերին բնորոշ հատկանիշներ չունի: Համենայն դեպս, Ռուսաստանի օրենսդրության համաձայն' այն անձը, ով ցանկանում է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, պետք է դիմի այդ երկրի հյուպատոսական բաժանմունք, և բնավ պարտադիր չէ, որպեսզի նա այդ ամբողջ գործընթացի ընթացքում գտնվի Ռուսաստանում: Այսինքն' օրենսդրորեն այդպիսի պահանջ չկա, ինչը չեն կարող չիմանալ Ադրբեջանում:
Այդ պատճառով «Ազգային խորհուրդ» կազմակերպության կորիզը կազմող Մուսավաթ կուսակցությունը քննարկում է մուսավաթականների ղեկավար Իսա Գամբարի՝ նախագահի թեկնածու առաջադրելու խնդիրը: Իսկ որոշ ընդդիմադիրներ վերջին օրերին առաջարկել են ընդդիմության միասնական թեկնածու ընտրել Ադրբեջանի Քաղաքացիական համաձայնություն կուսակցության առաջնորդ Սաբիր Ռուսթամխանլիին, սակայն վերջինս հրաժարվել է ստանձնել այդ պատասխանատվությունը:
Փաստորեն ստացվում է, որ Իբրահիմբեկովի անվճռականության պատճառով ընդդիմությունը մասնատվում է, և դժվար թե կարողանա լուրջ դիմադրություն ցուցաբերել Իլհամ Ալիևին գալիք ընտրությունների ժամանակ: