Հուլիսի 22-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ: Նախագահականի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ վերջինս իր հանգստի մի մասն անցկացնելու էր արտերկրում:
Արձակուրդի ընթացքում Սերժ Սարգսյանը մի քանի ցավակցական և շնորհավորական ուղերձներ է հղել տարբեր երկրներ, ունեցել է մեկ պաշտոնական այց՝ Իրան:
Այս շաբաթ՝ երկուշաբթի օրը, ավարտվել է Սերժ Սարգսյանի արձակուրդը, սակայն արդեն որերորդ օրն է, ՀՀ նախագահը, ըստ էության, որևէ գործունեություն չի ծավալել, նրա մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Սերժ Սարգսյանի «անհետացման» շուրջ բուռն քննարկումներ են սկսվել նաև Facebook սոցցանցում:
Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինս նշեց, որ Սերժ Սարգսյանի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկության չի տիրապետում:
«Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց Սահակյանը:
Լուրեր.com-ի հեռախոսազանգերն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին և ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին մնացին անպատասխան:
Նշենք նաև, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ Սերժ Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է, իսկ նրա մամուլի խոսնակին ուղղված «Ժողովուրդ»-ի հարցումները շարունակում են մնալ անպատասխան:
Գայանե Համբարձումյան