Վերահսկիչ պալատի նախագահի նախորդ տարվա հաշվետվությունը խորհրդարանում, ինչպես հայտնի է, բուռն քննարկումների տեղիք տվեց: Պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, գումարների թալանի մասին խոսեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Իսկ օրեր առաջ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ քննադատություններ հնչեցրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
Մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ սա խոսում է այն մասին, որ Իշխան Զաքարյանը գործել է սեփական նախաձեռնությամբ: Մինչդեռ ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ այդ զեկույցը ներկայացված է եղել ինչպես կառավարության և խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին»,- ասել է Աննա Վարդանյանը: Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի մասին օրենքում հստակ նշված է, որ մինչ հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից օրենսդիրների դատին ներկայացնելը, այն ներկայացվում է այդ մարմիններին: «Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում և ներկայացրել ենք ըստ ընթացակարգի»,- մեզ հետ զրույցում ասել է ՎՊ նախագահի մամլո խոսնակը:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին պաշտոնանկ են անելու, ապա ըստ Աննա Վարդանյանի. «Ես տեղյակ չեմ, ես ձեր նման աշխատող եմ: Ես որևէ նման խնդրի մասին տեղյակ չեմ»:
Նշենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Իշխան Զաքարյանի տեղակալը՝ Լևոն Յոլյանը: Ի դեպ, վերջինս ևս ներկա էր Բաղրամյան 26-ում հրավիրված խորհրդակցությանը:
Փայլակ Ֆահրադյան