ԳԱԼԱ. Հայաստանյան տնտեսությունում առկա մոնոպոլ իրավիճակը խանգարում է երկրի տնտեսության զարգացմանը: Հայաստանում ներմուծման եւ արտադրության ոլորտում առկա մենաշնորհն այն պատնեշն է, որը խանգարում է դրսի կազմակերպություններին մտնել հայկական շուկա: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշել են տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը: Բանախոսների գնահատմամբ' Հայաստանում խոշոր բիզնեսը կենտրոնացված է մի քանիսի ձեռքում: Իսկ որպեսզի երկրում տնտեսությունը համաչափ զարգանա, անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնք չպետք է լինեն մակերեսային: Համակարգային փոփոխությունների կիրառման պարագայում այդ համակարգում հնարավոր է հասնել հաջողությունների' նշել են մասնագետները:
Հարցին, թե օրենսդրական բարեփոխումները կնպաստե՞ն արդյոք համակարգի առողջացմանը, Խաչատուր Մարոզյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Օրինակ' ասենք ինքը' Սամվել Ալեքսանյանը որպես անձ' մեղավոր չէ: Այն գումարները, որոնք որ յուրաքանչյուր վայրկյան կուտակվում են, դրանք կառավարվող գումարներ են, նույնիսկ սամվելալեքսանյաններին կառավարող գումարներ են, նրանք մեղք են, նրանց ուղղակի պետք է օգնել: Ի՞նչ անել, իսկ որպեսզի հասկանալ, թե ինչ անել, մենք ինքներս պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է կատարվում'փողը նորից ինքն իրեն վերարտադրում է կեղտոտ փողեր, տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ վերարտադրում է, սա մենք պետք է հստակ հասկանանք եւ ֆիքսենք»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ գործնական քայլեր չեն ձեռնարկում, իրավիճակը փոխելու ուղղությամբ, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահը արձագանքել է. «Պետք չէ անձնավորել, ես էլ որ լինեի, կամ դուք էլ լինեիք Սերժ Սարգսյանի տեղը, այսօր նույն համակարգի զոհը պիտի դառնայինք: Ես անցած ասուլիսին ասացի' նրանք բոլորը' առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդը, բոլորին մինչեւ նախագահ լինելը ես ճանաչել եմ, շատ հարգել եմ նրանց մարդասիրությունը, գրագիտությունը, պատերազմում նրանց կռվելը, այդ բոլորը ապացուցել են, որ նրանք լավ մարդիկ են եղել, հենց իշխանության են եկել, նրանք կործանվել են, նրանք «փչացել են»: Ընդհանուր առմամբ, ըստ Խաչատուր Մարոզյանի, համակարգը պետք է փոխել եւ այն սկսել օրենսդրական հարթեցման եւ ուղղորդման ճանապարհներից:
Փայլակ Ֆահրադյան