Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ զրուցել ենք Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի շուրջ
Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ ինչո՞ւ Պուտինը ժամանեց ոչ թե Հայաստան, այլ Բաքու, մանավանդ որ մեզ մոտ անընդհատ խոսում էին ուր որ է Պուտինը գալու է: Արդյո՞ք առաջիկա ընտրություններով կարող էր պայմանավորված լինել և ինչ մեսիջ ուներ այն Հայաստանի համար:
Չեմ կարծում, թե բացի Իբրագիմբեկովի քաղաքացիազրկումից Մոսկվան այլ միջամտություն կարող է կատարել Ադրբեջանի ներքաղաքական կյանքում' հասարակության վրա ազդելու իմաստով: Մոսկվան ազդեցություն ունի և ազդում է Հայաստանում, սակայն Ադրբեջանում այլ իրավիճակ է: Այստեղ առաջնությունը, թերևս, պատկանում է Անկարային: Իմ համոզմամբ դա նախ' Ադրբեջանին սեփական ազդեցության գոտի վերադարձնելու նպատակ էր հետապնդում և ապա համատեղության կարգով, Հայաստանին ցույց տալու, որ թշնամու հետ իր մերձեցումը լիովին իրական հեռանկար է: Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը նվաճված է, Ադրբեջանը վերանվաճելու ժամանակն է այժմ և այդ առումով Հայաստանի «կամակորություններին» կարելի է չորս միլիարդ դոլարանոց ապտակով պատասխանել:
Ըստ Ձեզ' այցի արդյուքնում սկզբունքային փոփոխություններ եղա՞ն,արդյո՞ք փոփոխություն եղավ կողմերի հարաբերություններում, կարծես թե բարիդրացիական, բարեկամական այն համարվեց:
Բնական է, որ թշնամական այցով Պուտինն Ադրբեջան չէր գնա: Ինչ վերաբերում է բարիդրացիությանը, ես այդ բառից խորշում եմ: Նախ' որ տհաճ և անբարեհունչ է և ապա' որ կենցաղից մտցվել է հայկական քաղաքական լեքսիկոն: «Բարիդրացիական» նշանակում է իրար հանդեպ սիրալիր տրամադրված հարևանների հարաբերություններ: Ռուսաստանն ու Ադրբեջանն իրոք հարևաններ են, սակայն հարաբերություններն այդ բարի անվանել դժվար է: Հիմա, այս պահին դրանք նմանվել են պրերիայի երկու բնակիչների սիրախաղի, որտեղ արուն փորձում է մերձենալ, իսկ էգը հակված չէ հեշտորեն տրվելու: Եվ հնարավոր է, որ ընդհանրապես չտրվի և կամ տրվի' զգալով գերառողջ սերունդ տալու հնարավորություն:
Որքանո՞վ էր սա կապված Պուտինի՝ մաքսային միության նախագծի իրագործման հետ:
Դարձյալ անուղղակիորեն, թերևս, կապված էր: Ադրբեջանի հետ գործակցության հեռանկարներն առավել լայն են քան Մաքսային միությունը: Մաքսային միությունն այդ տիրացման կարևոր բաղկացուցիչներից մեկն է միայն:
Պարոն Մարտիրոսյան. իսկ ի՞նչ կլինի Հայաստան-ԵՄ ասոցացման նախաստորագրումից հետո: Հնարավո՞ր է, որ Պուտինը սպասում է թե մենք ինչպես կվարվենք:
Ստորագրման պարագայում կկրկնվի քսանմեկ-քսաներկու տարի առաջվա սցենարը, երբ ռազմի դաշտում խորհրդային ապաները և ռուսական զորքերը հաճախ կռվում էին հակառակորդի փոխարեն, իսկ երբ Հայաստանը համաձայնեց վերադառնալ ռուսական ազդեցության գոտի, իրադրությունը փոխվեց: Իհարկե բացահայտ թշնամական վերաբերմունք այս անգամ չի լինի, սակայն մեր կողմից այդքան ակնկալվող ՀԱՊԿ պայմանագիրը հանկարծ կարող է այս պարագայում կիրառելի չդառնալ, թեև այն այս թե այն կերպ կարող է ամեն պարագայում չկիրառվել: Մյուս կողմից' Ռուսաստանը, վերջին հաշվով, չի կարող կորցնել Հայաստանը: Հայաստանի կորուստը թուրքական աշխարհին, որ հիմա վերապանիսլամացվում է' կնշանակի Ռուսաստանի անկում և Ռուսաստանը դա լավ է հասկանում: Հայաստանից ինչ-որ նոր տարածքներ զիջել տնտեսական և քաղաքական փոխադարձ զիջումների դիմաց Ռուսաստանը կարող է, սակայն կորցնել ողջ երկիրը' չի կարող:
Ի՞նչ կլինի չստորագրման դեպքում:
Չստորագրման պարագայում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես նախկինում: Միայն մեկ փոքրիկ, սակայն կարևոր հավելումով. Հայաստանը ևս մեկ խոշոր թռիչք կկատարի դեպի արժեզրկում, որով վստահաբար կարող է դառնալ սակարկության առարկա: Մեր խնդիրն է վերահաստատել Ռուսաստանի հետ փոխհարգալից գործընկերային հարաբերություններ և ստանալ անկասելի երաշխիքներ, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանի ընտրությունը որոշակի կլինի: Այս պահին, ավաղ, սա անհնար է թվում:
Սակայն, վերլուծելով Բաղրամյան Պողոտա-Կրեմլ լուռ հաղորդագրափոխանակությունը, որ արտահայտվում է մի կողմից հայաստանյան «արևմտամետ» և «ռուսատյաց» վերլուծաբանների ակտիվացմամբ, իսկ մյուս կողմից' Մոսկվայի Ադրբեջանի հետ սիրախաղի ուժեղացմամբ, վկայությունն է այն բանի, որ իրականում երկու նստավայրերի միջև գաղտնի բանակցություններ են վարվում' հարցի արժեքը որոշելու համար: Չեմ բացառում, որ հենց այդ հստակ երաշխիքները ստանալու և գուցե այլ երաշխիքներ ձեռք բերելու նպատակով Հայաստանը նոր խաղ է սկսել, իսկ Մոսկվան' փորձում է հնարավորինս քիչ ներդրումներով' հնարավորինս մեծ քաղաքական դիվիդենտներ ստանալ: Ամեն պարագայում' ներքին քաղաքականությունից անկախ' Բաղրամյան 26-ն, այս հարցում, իմ կարծիքով, առայժմ շախմատային գրագետ խաղ է վարում: Արդյունքները հայտնի կդառնան, երբ մրցակցող կողմերը արդյունք կարձանագրեն:
Ի՞նչ կտա մեզ դա, ի՞նչ կփոխվի դրանից հետո: Կարծես այս պահին չկան երաշխիքներ:
Մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ոչ մի երաշխիք ոչ ոքից չունենք: Առաջիկա հայ-ադրբեջանական պատերազմը բոլորովին նոր որակի է լինելու, որտեղ մենք առճակատվելու ենք ոչ միայն առավել լավ զինված և կազմակերպված բանակի, այլև նախկինից մեզ ծանոթ, սակայն այժմ լիովին կերպարանափոխված նոր ուժի' սուննի իսլամական ծայրահեղականությանը: Չեչենների, թալիբների, լիբիացիների, սաուդցիների, իրաքցիների և պակիստանցի մարտիկների դեմ պայքարում մեր ուժերն, անշուշտ, անբավարար կարող են լինել:
Պարտիզանական և բարբարոս այդ մոդելն ունակ է քայքայելու և քայքայել է անգամ ամենահզոր բանակների դիմադրությունը, և այդ պայքարում մեր ուժերը կարող են և չբավարարել: Մեզ ռազմական երաշխիքներ են պետք, ինչպես նաև Վաշինգթոնի քաղաքական համակրանքը և նրա զսպող մեխանիզմները: Անպայմանորեն տարածաշրջանային պատերազմի վերածվելիք այդ կոնֆլիկտում մեզ իրոք առավել լայն քաղաքական և ռազմական օգնություն է անհրաժեշտ լինելու քան մենք կարող ենք պատկերացնել այս պահին:
Ինչ վերաբերում է նախագահ Պուտինի այցին ընդհանրապես' ինձ համար չափազանց կարևոր է արված մի արտահայտություն, որին որևէ մեկը Հայաստանի քաղաքական ասպարեզում ուշադրություն չդարձրեց:
Նախագահն Ադրբեջանը բնութագրեց որպես Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր»: Երբ երկու պատերազմող պետություններ միևնույն տերության ռազմավարական դաշնակիցներն են, ապա ստեղծվում է տարօրինակ և խիստ վտանգավոր մի իրավիճակ, որի պարագայում ռազմական կոնֆլիկտի լուծումն անկանխատեսելի է: Իսկ այն, որ Ղարաբաղի խնդիրն իրոք ոչ «քաղաքական» և ոչ էլ դիվանագիտական լուծում չունի, թեև չքննարկվող, սակայն, ցավոք, անհերքելի փաստ է: