Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի ՊՆ հայտարարությունը՝ քննարկել օրերս Ադրբեջանի սահմանը պատահաբար հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի և Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջաևի փոխանակման հարցը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն մասնավորապես ասել է. «Ֆիրուզ Ֆարաջաևը ավելի քան մեկ տարի գտնվում է գերության մեջ: Հայկական ԶԼՄ-ները, հիմնվելով Ֆիրուզ Ֆարաջաևի հարցազրույցների վրա, պնդում էին, որ նա մշտապես հայտարարում էր երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին: Ի՞նչն է այժմ հանկարծ փոխվել: Դժվար չէ հասկանալ: Հայաստանի Պաշտպանության նախարարության նման հայտարարությունը, իհարկե, կապված է գերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Ես չեմ ցանկանում որևէ դիրքորոշում հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը»: