Ինչպես հայտնի է, քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող տղաները օգոստոսի 5-ին դիմել են ՄԻՊ-ին' իր լիազորությունների շրջանակներում իրենց նստացույցի համար պատշաճ պայմաններ ապահովելու համար: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ ոստիկանապետին նամակ է ուղարկվել, որի հիմնական կետերից մեկը եղել է այն, որ ոստիկանապետը թույլատրի քաղաքապետարանի մոտ նստացույց անող տղաներին վրան տեղադրել այնտեղ:
Արդեն անցել է 12 օր, սակայն ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկություն չի տարածվել ոստիկանապետի պատասխանի վերաբերյալ:
Այսօր ՄԻՊ-ի քարտուղարից փորձեցինք ճշտել, թե արդյոք ոստիկանապետը պատասխանե՞լ է ՄԻՊ-ի նամակին, սակայն նա նշեց, որ տեղեկություններ չունի և առաջարկեց առաջիկա աշխատանքային օրը' օգոստոսի 20-ին զանգահարել:
ՄԻՊ-ի քարտուղարը հաստատում է այն, որ ՀՀ սահմանադրության մեջ չկա վրան տեղադրելն արգելող հոդված: Ուստի հետաքրքրվեցինք, թե տվյալ դեպքում, եթե ոստիկանապետը մերժի օմբուդսմենի դիմումը, ապա հնարավո՞ր է, որ վերջինս այն դիտի որպես օրենքի խախտում և օրենքի խախտման մասին որոշում կայացնի, որին ի պատասխան քարտուղարը նշեց. «Հնարավոր է, սակայն, մենք հիմա սպասում ենք, թե ինչպես է ոստիկանությունը հիմնավորում մերժումը»: Նա հիշում է, որ, օրինակ, երբ Օպերայի բակում Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, դարձյալ արգելվեց նրան վրան տեղադրել, որը հիմնավորվեց այն հանգամանքով, որ Օպերայի տարածքը պատմամշակութային նշանակություն ունի:
ԳԱԼԱ-ի լրագրողը խոսեց նաև անժամկետ նստացույց անող Վահագն Մինասյանի հետ, ով նշեց. «Ես տեղյակ չեմ իրենցից, չգիտեմ՝ ստացե՞լ են ոստիկանապետի պատասխանը, թե՞ ոչ, չեմ հարցրել և չեմ պատրաստվում հարցնել, որովհետև իրենք ասացին, որ շատ լրջորեն զբաղվում են այդ հարցով, բայց արդեն 10 օր է անցել, իսկ իմ տրամաբանության մեջ «լրջությունն» այդպիսին չէ: Ես եզրակացնում եմ, որ իրենք անզոր են որևէ բան անելու»:
Ի դեպ, Վահագն Մինասյանի, Սուրեն Սահակյանի և Գոռ Առաքելյանի ջերմությունը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ 37 աստիճանից ցածր չի լինում: «Դա արդեն մեզ համար նորմալ է, չենք պատրաստվում դիմել բժշկի, մինչև վերջ այստեղ ենք մնալու»,- մեզ հետ զրույցում ասում է Վահագն Մինասյանը և հավելում, որ եթե քաղաքապետարանը որոշել է այնպես անել, որ իրենք իրենց առողջության պատճառով նահանջեն, ապա իրենց ոչինչ էլ պետք չէ, քանի որ միևնույնն է, դա չի լինելու:
Արաքս Մամուլյան