Պետրոզավոդսկի ոստիկանությունը փնտրում է երկու քաղաքացիների, ովքեր կրակ են բացել ճանապարհի վերանորոգմամբ զբաղվող բանվորների ուղղությամբ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ վայրը, որտեղ աշխատում էին բանվորները, մոտեցել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որում երկու երիտասարդներ են եղել: Նրանք սկսել են վիճել բանվորների հետ՝ պահանջելով թույլ տալ իրենց անցնել: Այնուհետև երիտասարդները հեռացել են և վերադարձել հրազենով՝ մի քանի անգամ կրակելով բանվորների վրա և անհետանալով անհայտ ուղղությամբ:

Արդյունքում բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել 29-ամյա ՀՀ քաղաքացի, սակայն նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել: ՆԳՆ-ում ճշտել են, որ շինարարական բրիգադի բոլոր բանվորները օրինական են աշխատում և ունեն քաղաքի տարածքում լինելու ժամանակավոր գրանցում:

Կասկածյալների անձը նույնպես պարզվել է: Երկուսն էլ մոտ 25 տարեկան են, մեկը Պետրոզավոդսկի բնակիչ է, մյուսը՝ Ադրբեջանի քաղաքացի, ում ժամանակավոր գրանցման ժամկետը լրացել է: Հարուցվել է քրեական գործ: