Tert.am - «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահը Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր անկյունաքարը պետք է դարձնել տնտեսության արդյունավետության բարձրացումը, որն ինքը տեսնում է Եվրասիական միության հետ:

«Միայն Ռուսաստանի հետ կարող է մեր տնտեսությունը զարգանալ։ Եթե մենք նայում ենք եվրամիության երկրների հետ մեր արտահանման ծավալներին, դրանք հիմնականում գունավոր մետաղների հումքերն են, որոնք նվազել են։ Ինչ վերաբերում է Մաքսային միության երկրներ արտահանած ապրանքների ծավալին, ապա աճ է նկատվել, դանդաղ, բայց հաստատուն աճ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ պատճառն այն է, որ գներն իջնում են, արտադրության ծավալները՝ պակասում։ «Մենք պետք է Եվրոպային պատրաստի արտադրանք տանք, այլ ոչ թե հումքային կցորդ մնանք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ արդյունաբերական մասով նույնպես Հայաստանը կարող է ինտեգրվել Ռուսաստանին:

«Մեր շինարարությունը գնալով անկում է ապրում, որովհետև հագեցել է շուկան, գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բայց այս տարի բավականին բարձր ցուցանիշ ունի, գյուղատնտեսությունը մեր հիմնական ուղղություններից մեկն է, իսկ ընդհանրապես տնտեսության ոտքերն են, որի վրա կանգնում է տնտեսությունը, արդյունաբերությունը ողնաշարն է, մենք պետք է կարողանանք զարգացնել բոլոր ճյուղերը»,- ասաց Վազգեն Սաֆարյանը: