Սուրբ Հարության տոնին Հայաստանի ազգաբնակչությանը ձկնամթերքով ապահովելու գործում խնդիրներ չեն լինի, սակայն ձկան պահանջարկի ավելացումը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Զատկից հետո ձուկը կթանկանա, քանի որ ջրի վարձը բազմակի բարձրացել է: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: «Մի անհանգստացեք, ձկնամթերքը կբավականացնի, դեֆիցիտ չի լինի: Ինչ վերաբերում է գնին, ապա հնարավոր է 100 դրամ տարբերություն լինի սովորական օրերի վաճառքի համեմատ»,- ասաց Աթոյանը՝ հավելելով, որ պահանջարկի ավելացումը կարող է ազդել գնի բարձրացման վրա:

 

Աթոյանը նշեց, որ Զատկից հետո ձուկը կթանկանա, քանի որ ջրի վարձը 10 անգամ բարձրացվել է՝ առանց թանկացման անհրաժեշտության հիմնավորման: «Բացի դրանից, վարձավճարներ են նախատեսվում ջրահեռացման համար»,- ասաց Աթոյանը:

 

Սուրբ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 20-ին: Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 10 հազար տոննա ձկնամթերք, որի մոտ 20 տոկոսն արտահանվում է: