Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն: Նունե Սարգսյանը շրջեց կենտրոնում, շփվեց երեխաների և նրանց ծնողների հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի տիկինն ասաց, որ «Լուսե» կենտրոնն օգնում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլև նրանց խնամակալներին: «Մեր հասարակության մտածելակերպը պետք է փոխենք: Ես հիշում եմ, երբ իմ մանկության տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց էինք տեսնում, ապշած քարանում և նայում էինք նրանց, որովհետև նրանք տարբեր էին, և ծնողները նրանց հաճախ թաքցնում էին հասարակությունից, բայց հիմա այդ ամենը փոխվել է: Մենք հասկացել ենք, որ իրենք էլ մեր հասարակության մի մասն են»,-ասաց նա:
Նունե Սարգսյանը պատմեց իր կյանքից մի դրվագ, երբ ինքն էլ երկար ժամանակ չէր կարողանում քայլել: «Բուժումների արդյունքում ապաքինվեցի և սկսեցի քայլել և ամեն օր շնորհակալություն էի ասում իմ երկու ոտքերին և ես այդ պահին հասկացա, թե ինչ դժվար է չքայլելը: Պատկերացրեք այս հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում անել: Ծնողի և խնամակալի աշխատանքը շատ դժվար է: Նրանք պետք է փորձեն գտնել այդ երեխայի տաղանդը, քանզի ամեն մարդու մեջ տաղանդ կա, և հենց այդ պատճառով էլ մենք դասընթացներ ենք կազմակերպել երեխաների ծնողների համար»,-նշեց նա` հավելելով, որ միայն մտածելակերպի փոփոխությամբ հնարավոր կլինի հաշմանդամություն ունեցող երեխաներին դարձնել հասարակության լիարժեք անդամներ:
Նախագահի տիկինը չհերքեց, որ բազմաթիվ խնդիրներ կան հենց հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված՝ սկսած գետնանցումներից մինչև կրթական հաստատություններ: «Ես կարևոր եմ համարում, որ հիմա Հայաստանում իրազեկ են այս հարցերին և պետք է միահամուռ, քայլ առ քայլ լուծել այդ խնդիրները և հուսով եմ, որ բոլորս միասին կհասնենք մի տեղ, որ կարող ենք ասել մեր երկիրը հարմար է հաշմանդամություն ունեցողների համար»,-հավելեց Նունե Սարգսյանը:
«Լուսե» կենտրոնում շրջայցից հետո նախագահի տիկինն այցելեց աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար նախատեսված «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2008 թվականից ապրիլի 2-ը հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Օրվա գաղափարն առաջարկել էր Քաթարը 2007 թ. դեկտեմբերի 18-ին, և առաջարկն ընդունվել էր բոլոր անդամ պետությունների կողմից։ Ասամբլեայի որոշմամբ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ներառյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ուշադրությունը հրավիրվում է տվյալ օրվան՝ բարձրացնելու աուտիզմի վերաբերյալ հանրային իրազեկությունը։