Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչներ որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին: Իսկ պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց, բացի այդ, չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել, քանի որ փակվելու է իրենց ճանապարհը, իսկ տարածքը շրջանցելու համար նրանք պետք է 10 կմ ավել ճանապարհ անցնեն:
Խնդրի վերաբերյալ գյուղացիների հետ զրուցելու է եկել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Մինչ մեր այնտեղ հասնելը մարզպետն արդեն հեռացել էր, սակայն բնակիչները դեռևս գտնվում էին մայրուղու վրա, և նրանք ԳԱԼԱ-ին տեղեկացրել են, թե ինչ է իրենց ասել մարզպետը:
Մարմարաշենի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեռևս դեկտեմբեր ամսին իսպանական շինարարական մի կազմակերպություն իրենց համայնքին հրավիրել է ժողովի իրենց դպրոցի դահլիճում և բնակիչներին ներկայացրել են իրենց կազմած արագընթաց ճանապարհի ծրագիր, որը պետք է անցնի Մարմարաշեն համայնքով:
«Մենք էլ մեր դիտողությունները և մեր բողոքները ներկայացրեցինք, որ պետք է Մասիսի Մարմարաշեն գյուղի ճանապարհի վրա լինի մի կամուրջ մի քանի կողմերով, սակայն արդեն անցել է ութ ամիս, և նրանք ոչ մի գործողություն չեն կատարել այդ ուղղությամբ: Եվ այդ պատճառով համայնքի ժողովուրդը բարկացած է, տրամադրությունը լարված է, և դուրս է եկել ճանապարհը փակի, որպեսզի վերադասը գա լսի մեր պահանջները: Մենք 700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք, և պետք է գետնանցում լինի, որ անցկացնենք մյուս կողմը արածեցնելու համար: Քսան օր առաջ մեր գյուղի ազատամարտիկներից մեկը իր սեփական անասունը ճանապարհն անցկացնելուց մեքենան խփեց մահացավ: Թուրքի գնդակից չզրկվեց՝ զրկվեց մի անփույթ վարորդի կողմից: Եթե լիներ գետնանցում, անասունը կանցներ այդ գետնանցումով: Մարզպետը մեզ ասաց, որ իրենք մեր պահանջները կներկայացնեն կառավարությանը, որից հետո այդ հարցին ընթացք կտան: Ես առայժմ վստահ չեմ, թե հարցը կլուծվի, բայց սպասենք»,- ասել է Սարգիս Հովհաննիսյանը:
Մարմարաշենի մեկ այլ բնակիչ Արմեն Մարտոյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մարզպետը խոստացել է մինչև սեպտեմբերի 2-ը այդ հարցին լուծում տալ:
«Եթե չէ, մեր մյուս համայնքի բնակիչների հետ միասին, միահամուռ կանգնելու ենք այս երեխուց մինչև մեծ ծերունի փակելու ենք այս մայրուղին: Մարզպետը մեզ տղամարդավարի խոստացավ, որ այս խնդիրը վերջնական լուծում կունենա»,- ասել է Արմեն Մարտոյանը:
Մարմարաշենցի ազատամարտիկ Աբրահամ Ադոյանն էլ իր խոսքում ասել է, որ 5 տարի պայքարել է մեր հողերի համար, այսօր այս հողերը իրենց ձեռքից ուզում են վերցնել:
«Եթե կամրջակը չկառուցվի, մենք կտրված ենք լինելու Մասիս քաղաքից, և ոչ միայն Մարմարաշենը, այլև ամբողջ Արտաշատից մինչև Նոր Կյուրի համայնքը կտրվում են Մասիս քաղաքից, գումարած՝ մենք ո՞նց անցնենք մեր հողատարածքները մշակելու, եթե լինելու է արագընթաց ճանապարհ: Մարմարաշենցին նստի իր հողերի համար լացի, որ ինչ-որ մեկն իր բիզնեսը զարգացնի: Մեր Մարմարաշեն համայնքում 90 տոկոսը ազատամարտիկներ են, և այդ ազատամարտիկներին զրկում են իրենց իրավունքներից: Սա այն միջոցն է, որ իր երեխային պետք է պահի՝ զրկում են»,- ասել է Ադոյանը:
Մենք զրուցել ենք նաև Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանի հետ, ով նշել է, որ խնդրի հետ կապված ինքն իր կողմից բազմաթիվ նամակներ է գրել ու ահազանգել համապատասխան կառույցներին, բայց դրական պատասխան չի ստացել, իսկ ժողովուրդն էլ իրենից է պահանջում:
«Այսօր արդեն վերջնական դանակը ոսկորին է հասել, և քանի որ ոչ մի դրական լուծում չի տրվում, ստիպված ժողովուրդը իր ձայնը բարձրացրել է և ճանապարհն է փակել: Ասեմ, որ ահազանգերից հետո մեզ միացավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և ժողովրդին ասաց, որ մի քիչ էլ սպասեն՝ մինչև սեպտեմբերի 2-ը, և հարցի լուծումը կտա: Գյուղապետերի հետ մեր գյուղի ակտիվիստների հետ հարցը տեղում կբարձրացնի, եթե չլինի՝ մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի: Ժողովուրդն է պահանջում, արդարացի պահանջ է, ես էլ եմ միանում իմ ընտրողներին և նրանց ես հակառակ չեմ կարող գնալ: Ես էլ հող ունեմ, չեմ կարողանա մշակել, տեխնիկա չեմ կարող մտցնել, պետք է 10 կմ շրջանցեմ, որ գնամ այդ հողը մշակելու, անիմաստ բան է դա»,- ասել է Էդիկ Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Մասիս քաղաքը նախկին շրջկենտրոնն է, որի հետ հարակից գյուղերը անմիջականորեն են կապված: Մասիսում են գտնվում բոլոր կարևոր կառույցները, շտապօգնության ծառայությունը, հիվանդանոցը, ոստիկանությունը, դատախազությունը, արտակարգ իրավիճակների կառույցը և կարևոր հաստատություններ, որոնք սպասարկում են այդ գյուղերը, իսկ այս ճանապարհի կառուցման պարագայում իրենք կտրվում են Մասիսից արագ օգնություն ստանալու հնարավորությունից: Շատերը նույնիսկ ոտքով էին գնում Մասիս: Եթե փակվի, ինչպե՞ս է լինում, գնալու են շրջանցելու Այնթափ գյուղո՞վ: Դրա համար էլ արևաբույրցին, ջրահովիտցին, նորկյուրինցին և մեր գյուղացիները միացան: Բոլորինը նույն պահանջն է, ինչի՞ շրջանցել և երկարացնել իրենց ճանապարհը: Ես մի քիչ լավատես եմ մեր կառավարության հանդեպ, իմ կարծիքով մարզպետը, որ միջամտելու է, հարցին լուծում կտրվի, մի տասը օր սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- ասել է Մարմարաշենի գյուղապետը: