
Tert.am-ը «Ջնջել կարմիր գծերը» ֆեյսբուքյան նախաձեռնող խմբի կողմից Parking City Service ընկերության քաշած կարմիր գծերը ջնջելու և մի շարք այլ հարցերի մասին զրուցել է ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ, ով լուրջ չի համարում «նմանատիպ երևույթների դեմ» պայքարելը: «Ինչի՞ են ջնջում, որ նախկինի նման ավելի շա՞տ վճարեն»,- Tert.am-ին ասել է ընկերության տնօրենը:
-Պարոն Հարությունյան, Parking City Service ընկերությունը կարմիր գծանշումներ չի անում պետական հիմնարկների ավտոկայանատեղերում, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ու նրանց վարորդները չպետք է լրացուցիչ գումար վճարեն աշխատանքի ժամին իրենց ծառայողական մեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար, իսկ, օրինակ՝ տաքսու վարորդները, որոնք նույնպես աշխատանքի են, և շարքային մյուս ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն: Ո՞րն է տրամաբանությունը:
-Խորհուրդ կտամ բացել և նայել «Վճարովի ավտոկայանատեղերի մասին» կառավարության որոշումը, որտեղ ամեն ինչ ներառված է:
- Միգուցե կառավարության որոշումով այդպես է։ Անգամ օրենքները վերին ճշմարտություն չեն և փոխվում ու լրացվում են: Այսինքն՝ վերանայման կարիք չկա՞:
-Հիմա, եթե օրենքի հետ խնդիր ունեք, կրկնում եմ, դիմեք իրենց:
-Խոսքն այն մասին է, թե անհավասար պայմաններ չե՞ք տեսնում:
-Ես նմանատիպ կարծիք իրավասու չեմ հայտնել, ոչ էլ կարծիք ունեմ, որ հայտնեմ: Եթե համապատասխան կարծիք ունեք, դիմեք համապատասխան օրենքն ընդունողին, թող պարզաբանում ներկայացնի:
-Ինչպե՞ս թե կարծիք չունեք: Դուք եք այդ ընկերության տնօրենը:
- Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ:
-Պարոն Հարությունյան, «Ջնջել կարմիր գծերը» ֆեյսբուքյան նախաձեռնող խումբը փչովի ներկերով ջնջում է վճարովի կայանատեղիների համար քաղաքի փողոցների կարմիր գծերը։ Նախաձեռնությունն արդեն իսկ նման փորձ արել է և նկարը տեղադրել խմբում՝ ցույց տալով, թե ինչպես է վճարովի կանգառը դառնում անվճար և այս ընթացքում օգտագործում է «Օգտվե՛նք հաջողությունից, ազատենք երկիրը ինքնակոչ ղեկավարներից և օլիգարխներից» կարգախոսը։ Հաշվի առնելով, որ նրանք գիշերով են գործում և դեմքերը ցույց չեն տալիս, դժվար չէ՞ պայքարել մի տեսակ «անորսալի վրիժառուի» կարգավիճակ ստացած անձանց, անհայտ ուժերի դեմ:
-Ես չեմ էլ ցանկանում պայքարել նմանատիպ երևույթների դեմ: Դա ինչ-որ անհասկանալի մարդկանց գործունեության արդյունք ա, դրան լուրջ չեմ վերաբերվում: Եվ, ի սկզբանե, բողոքելու առիթ չի էլ կարող լինել ու բողոքելու իմաստ էլ չունի: Ինչի՞ են ջնջում, որ նախկինի նման ավելի շա՞տ վճարեն: Բողոքում են, որ նախկինում վեց անգամ ավելին էին վճարում, հիմա վեց անգամ պակա՞ս են վճարում: Բողոքում են, որ գումարները պետք է մուծեն բյուջե՞: Դե, տենց մարդիկ կան, որ նմանատիպ ինչ-որ բողոքում են. «Ինչի առաջ ավելի շատ էինք վճարում, հիմա ավելի քիչ ենք վճարելու»: Դե թող ջնջեն, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
- Քանի՞ կիլոգրամ կարմիր ներկ եք ստիպված եղել լրացուցիչ գնել:
-Մեր պարտավորությունն է՝ միշտ պատշաճ վիճակում պահել փողոցները, մենք իրականացնում ենք, ու տենց մանր-մունր բաների հետևից էլ պետք չէ ընկնել:
-Ձեր ընկերության պատրաստած հոլովակներում ասվում է, որ եթե Ձեզ մոտենան նախկին դեղին ժիլետներով «ավտոպարկովշիկները»՝ հսկիչները, որոնք գումար էին գանձում նրանց ուղարկեք, որտեղ որ պետքն է: Հետևե՞լ եք, եղե՞լ են նման դեպքեր, երբ Parking City Service-ի մուտք գործելուց հետո մարդկանցից էլի գումարներ են վերցվում:
-Նման ահազանգեր չունենք, և եթե կան մարդիկ, որոնք տիրապետում են նման տեղեկատվության, կարող են դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ անօրինական դրամահավաքների փաստով:
- Արդեն գծանշե՞լ եք ողջ քաղաքը, այն տեղերը, որոնք նախատեսված են ավտոկայանատեղերի համար:
- Փոքր կենտրոնը, այո՛, «Կենտրոն» վարչական շրջանը: Մի քանի միակողմանի փողոցներ, որոնք տրանսպորտի վարչության և պետավտոտեսչության հետ դրանք ենք պարզում, որից հետո մի քանի փողոց է մնացել՝ կգծանշենք: Ինչ վերաբերում է մյուս համայնքներին, ապա այս տարի կհանձնենք «Կենտրոնը» և կփորձենք տեղափոխվել «Արաբկիր»:
-Իսկ ի՞նչ ներդրումներ են արվել:
-Մինչև այս պահը մոտավորապես 3 միլիոն դոլարի ներդրում է արվել, մինչև տարվա վերջ էլ՝ 2.5 միլիոնի ևս 5 միլիոն էլ հաջորդ տարի:
- Հիմնական բողոքներից մեկն էլ այն էր, որ բակերում եք գծանշումներ կատարում, և մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իրենց մեքենաները իրենց բակերում են կայանել, հիմա ստիպված են վճարել դրա համար:
Ոչ մեկի բակային տարածքը չի գծանշվել: Թե որտեղ իրավասություն ունենք մենք ներկելու, ամրագրված է և՛ կառավարության որոշման, և՛ ավտոկայանատեղերի մասին օրենքում: Եվ օրենսդրության մեջ հստակ նշված է՝ որ հատվածներում ենք իրավասու գծանշել, որտեղ՝ ոչ: Գծանշումները արվում են համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում: Այսինքն՝ ոչ մեկի բակում գծանշում չի իրականացվում:
-Բայց մարդկանց բնակելի շենքերը կառուցված են հանրային նշանակության փողոցների վրա: Եվ ստացվում է, որ մարդիկ տարիներ շարունակ անվճար էին կայանում իրենց փողոցում, իսկ հիմա ստիպված են վճարել:
-Դա հանրային փողոց է: Իսկ երկրորդ մասի հետ միանշանակ համաձայն չեմ, որովհետև նախկինում էլ շատ տեղեր կային, որ առաջ էլ էին գծանշվում, հիմա էլ, և տեղեր էլ կան, որ նախկինում վճարովի էին, հիմա՝ անվճար: Դրանք ենք՝ բժշկական, ուսումնական և մի շարք այլ հաստատությունների տարածքները: