«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի դատապաշտպան Սեյրան Գրիգորյանը դեմ է լրատվամիջոցների կողմից դռնբաց դատական նիստը ձայնագրառելուն։ Այդ մասին փաստաբանը բարձրաձայնեց այսօրվա դատական նիստում՝ միջնորդելով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանին արգելել լրագրողին (այդ պահին դատական նիստին ներկա էր միայն «Փաստինֆո»-ի լրագրողը)՝ ձայնագրել դատական նիստը, ինչը դատարանը մերժեց։ Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դ. Մուրադյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Դատավարության բոլոր կողմերն այսօր ներկայացել էին նիստին եւ դատարանը հնարավորություն ստացավ սկսել դատաքննությունը։ Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն' Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև' պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլտվության համար: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել' չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և որ կաշառք չի վերցրել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալին հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում վերջինիս ցուցմունք է տվել, որ ինչ-որ գործողություններ արել է, սակայն այդ մասին դատարանը կանդրադառնա դատաքննության ընթացքում ամբաստանյալի ցուցմունքի ժամանակ: Սահմանված ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ դատարանն անցավ վկաների հարցաքննությանը և այսօր հարցաքննեցին դատակոչված վկաներից 3-ին: Վկա Վարդան Եղիազարյանը, ով հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժծառայության պետ, նշեց, որ տուժող Արտակ Հակոբյանը «Գորիս» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ը մի շարք բողոքներ է ներկայացրել առողջության հետ կապված՝ նշելով անգամ, թե սրտի կաթված է տարել, ինչը հետազոտման ընթացքում հերքվել է: Վկան նաև նշեց, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և կարող էր շարունակել ընդհանուր պայմաններում կրել իր պատիժը: Դատավորի հարցին, թե վկան ինչպես կբնութագրեր դատապարտյալ Արտակ Հակոբյանին, վկան չշտապեց կոնկրետ պատասխան տալ: Արդյունքում դատարանը նկատեց, որ վկան ոչ մի հարցին ուղիղ պատասխաններ չի տալիս: Հաջորդը վկայության հրավիրվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետ Սուրեն Թադևոսյանը, վերջինս Արտակ Հակոբյանին բնութագրեց որպես ակտիվ դատապարտյալ՝ արձանագրելով , որ նա հակում ուներ ինքնավնասման, ինչպես նաև բուժում էր ստանում նյարդահոգեբանի մոտ: Վկան նաեւ հատնեց, որ իր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքի անցնելու հաջորդ օրը դատապարտյալ Հակոբյանը դուրս է գրվել ՔԿՀ-ի բուժմասից: Մեղադրող դատախազը գտավ, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան և միջնորդեց ընթերցել վկայի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը, ըստ որի վկան որոշել էր Արտակին դուրս գրել հիվանդանոցից, ինչի մասին իմանալով Դավիթ Մուրադյանը կանչել է Ս.Թադեւոսյանին եւ կարգադրել դուրս չգրել և այնպես անել, որ դատապարտյալը մնա քրեակատարողական հիմնարկի բուժմասի խցում: Իսկ վկան այդ ժամանակ պատասախանել է Մուրադյանին, որ ինքը բժիշկ է և չի կարող այլ բան գրել: Վկան դատարանում ևս նշեց, որ վեճ եղել է, բայց ավելացրեց, որ դա աշխատանքային բնույթ է կրել: Իսկ երբ դատախազը հարց հնչեցրեց, թե «այդ դեպքում ինչու էր Ձեր հետ վիճում, եթե Դուք չեք դուրս գրել Արտակին»՝ վկան ևս խոստովանեց, որ ցուցմունքներում հակասություններ կան: Պաշտպանական կողմն էլ, փորձելով օգնել վկային, պարզաբանեց, թե վկան չի դուրս գրել դատապարտյալին հիվանդանոցից, այլ՝ հանձնաժողովը: Երրորդ վկան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Սահակ Ստեփանյանն էր, ով պնդեց նախաքննական մարմնին տված ցուցմունքը և նշեց, որ ինքը 2 անգամ խուզարկությամբ դատապարտյալ Արտակ Հակոբյանի մոտից հեռախոս է առգրավվել, առաջին անգամ հայտնաբերված հեռախոսի մասին արձանագրություն չի կազմել: Վկան նաև նշեց, որ Մուրադյանը պահանջել է հեռախոսը հանձնել վկային, իսկ երբ 1,5 ամիս հետո դատապարտյալի մոտից կրկին հեռախոս է առգրավել, ապա արդեն կազմել է արձանագրություն, բայց չի տվել Մուրադյանին այլ հանձնել է այնտեղ, որտեղ որ պետք է հանձնեն խուզարկությամբ հայտնաբերված իրերը: Վկան նշեց, որ դատապարտյալ Հակոբյանի մոտից առգրավված հեռախոսները նույն են եղել, իսկ ամբաստանյալի այն հարցին, թե վկան որտեղից գիտի, որ նույն հեռախոսներն են, Ս.Ստեփանյանը պատասխանեց, որ մաշվածությունից, ինչպես նշել էր նախաքննական ցուցմունքում: Այդուհանդերձ, դատախազը միջնորդեց հրապարակել նաև վերջին վկայի ցուցմունքը. պարզվեց նախաքննության ընթացքում վկան նշել էր, որ առաջին խուզարկությամբ հայտնաբերված հեռախոսի մասին ևս արձանագրություն ինքը կազմել է: Հաջորդ օգոստոսի 24-ին կայանալիք նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը: