«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Պաշտոնյան ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունն առ այն, որ քրեական գործը հարուցվել է 14 000 ԱՄՆ դոլարի դիմաց դատապարտյալներից մեկին ազատելու խոստման հետ կապված: Ըստ Գոռ Ղլեչյանի, ինքը չի կարող ոչինչ ասել այս կապակցությամբ, քանի որ իր խոսքերը կարող են խանգարել նախաքննության ընթացքին: