Արդեն մի քանի օր է՝ Mediamall.am-ը պարբերաբար անդրադառնում է սահմանագոտում տիրող իրավիճակին, զրուցում է սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, լուսաբանում է սահմանագոտու մարդկանց կյանքը: Սակայն, անհասկանալի պատճառներով, որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում գրեթե ամենօրյա ռեժիմով Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և այլ համայնքների և դրանց հարակից ավտոճանապարհների գնդակոծման մասին, մենք ամեն անգամ կապվում ենք համայնքապետերի հետ, որոնք լուրերը համարում են ապատեղեկատվություն: Մենք չենք ժխտում սահմաններին հատուկենտ կրակոցների հնարավորությունը, սակայն այդ կրակոցները, ըստ էության, համայնքներին չեն հասնում և կանխվում են մեր զինված ուժերի կողմից: Սակայն, ապատեղեկատվություն տարածելով, լրատվական գործակալությունները չեն գիտակցում, որ խախտվում է սահմանագոտում ապրող մարդկանց կենցաղը: Պետք է հաշվի առնել նաև, որ հայ-վրացական միջպետական սահմանը անցնում է վերոհիշյալ համայնքներով, օրական հազարավոր մեր հայրենակիցներ երթևեկում են հենց այդ հատվածով, և նմանատիպ լուրերի տարածումը պարզապես հոգեբանական հարված է ուղևորների համար: Պարզապես հիշեք, որևէ լուրջ պատահարի դեպքում ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները անմիջապես տեղեկացնում են համայնքի ղեկավարներին, նրանք, իրենց հերթին, համայնքի բնակիչներին, իսկ ճանապարհահատվածին լուրջ վտանգ սպառնալու դեպքում ՊՊԾ աշխատակիցները փակում են ճանապարհի այդ հատվածը՝ առաջարկելով այլ, առավել անվտանգ ճանապարհ:

Եկեք չբարդացնենք սահմանամերձ համայնքների բնակիչների առանց այն էլ բարդ, դրամատիկ, ծանր առօրյան...

 

Վարուժան Բաբաջանյան