ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող եւ արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության հզորացման ու ԼՂՀ անկախությանը, ինչպես նաեւ այդ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանը:
Արցախի անկախության համար հայ ժողովուրդը արյամբ է վճարել, ընդորում հերոսականության խորհրդանիշ արյամբ, որ ծորաց հազարավոր հերոսների մարմնից ու ներքաշվեց Արցախի հողի մեջ, որ հողն ապրի իր հերոսների արյամբ:
Ուխտագնացության նպատակն է հավերժացնել այդ հերոսների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքի բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել ազատագրված տարածքների եւ սահմանամերձ բնակչության իրենց պապենական օջախներում ապրելու հավատը, նոր սերնդի մեջ, որպես հայրենապաշտպանության դաս սերմանել արցախյան ազատագրական պատերազմի հերոսական դրվագները, քաջարի երկրապահների, 5-րդ. բրիգադի ու նրա հերոս մարտիկների անցած փառապանծ մարտական ուղին:
Ուխտագնացությունը խոնարհում է արցախյան ազատագրական պայքարի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ եւ զգոնության կոչ է աշխարհին, որ թափված արյունը էլ ավելի է իմաստավորվում ազատագրված հողում ու սկսած գործը, որի համար 10000-ից ավելի հերոսներ իրենց կյանքը չեն խնայել, երբեք կիսատ չի մնում:
Ուխտագնացությունը պարտք է ոչ միայն նահատակ հերոսների հիշատակի հանդեպ, այլ նաեւ պարտք է ապրողների, ազատագրված երկիրը շենացողների, ազատագրման, անկախության ու այս վեհ գաղափարների համար նահատակված հերոսների պատիվը, փառքը պահողների հանդեպ: Որովհետեւ հողը չի ազատագրվում միայն պաշտպանելու համար, այլ այդ հողի վրա ապրելու' հողը հայրենիք դարձնելու համար: Որովհետեւ կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլ նաև կարեւորը ձեռք բերածը շենացնելով պահպանելն է եւ այն նոր սերնդին փոխանցելն է:
Ուխտագնացությունը նաեւ նվիրում է մեր հերոս մայրերին, որոնք պատերազմի ժամանակ ֆիզիկապես, բարոյապես, մայրավարի եղել են իրենց զավակների կողքին, ոգեւորել նրանց: Ու հենց այս առումով ուխտագնացություն երեւույթը մեր ազգապահպանման, մեր հայրենապաշտպանության, մեր նոր սերնդի հայեցի դաստիարակության գործոններից մեկն է, ընդ որում ամենակարեւոր գործոններից:
Հայի համար մայրը հայրենիք է, հայրենիքը' մայր, մայր հայրենիք:
Երկրապահական այս ուխտագնացությունը պատգամ է ապագային, թե ինչպես կարելի է կռվել, հող ու հայրենիք պաշտպանել, հավատ ներշնչել քեզանից հետո եկողներին, որ մարդու անձնական կյանքում կարեւորը հողի, հայրենիքի ու պետության կայունությունն է, որի համար միշտ կլինեն հերոսներ ծնող մայրեր, իրենց կյանքը զոհաբերող հերոսներ:
Ու նաեւ այս առումով ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ:
Այդ պատմությունը արձանագրված է խաչքարերի վրա ու խաչքարերից մեզ նայող խիզախ նահատակների հայացքների մեջ:
Երկրապահական ուխտագնացությունը ընդգրկուն աշխարհագրություն ունի:
Այն սովորաբար սկսվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, սկսվում է մայր Հայաստանի բոլոր մարզերով, խոշոր բնակավայրերով, այնուհետեւ Սյունյաց աշխարհից դեպի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա Ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր մինչեւ Թալիշ, այնուհետեւ Շուշի եւ Բերձոր:
Հադրութի Էդիլլվա Ձորակի ինքնապաշտպանության առաջին օրերից սկսած Էջմիածնի կամավորականները ոչ միայն զբաղվում էին տեղի բնակչության պաշտպանության խնդիրներով, այլ նաեւ օգնում էին բնակչությանը գյուղատնտեսական հարցերով, զբաղվում էին շինարարական գործերով, առկա կրթամշակութային օջախների վերականգնմամբ եւ անգամ մատաղ սերնդի դաստիարակությամբ, դպրոցներում' դասավանդմամբ:
Արցախյան ազատամարտի տարիներին, երբ հետզհետե ինքնապաշտպանական մարտերում արձանագրվեցին առաջին զոհերը, հրամանատար Մանվել Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ, զոհված կամավորականների հիշատակի հավերժացման նպատակով, նրանց զոհվելու վայրերում հենց այդ օրերին վեր խոյացան առաջին հուշակոթողները, կանգնեցվեցին առաջին խաչքարերը:
Այնուհետեւ, դեռ պատերազմի ժամանակ հետեւելով հրամանատարի նախաձեռնությանը, ազատագրված տարածքներում բրիգադի գումարտակների մարտիկները սկսեցին խաչքարեր տեղադրել, վերականգնել պատմական հուշակոթողներն ու հուշահամալիրները, կրթական, մշակութային օջախները:
Երբ գեներալ Մանվել Գրիգորյանը բանակային կորպուսի հրամանատարի պարտականություններից անցնում է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պարտականությունների եւ ընտրվում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, նա շարունակ այցելում է ազատագրված տարածքները, շփվում բնակչության հետ, լսում նրանց, փորձում է կիսել հոգսերը, լուծել որոշ խնդիրներ, ոգեւորել բնակչությանը, որ խաղաղության ամենալավ պաշտպանն ազատագրված հողում կազմավորած ամուր ընտանիքն է, որդու համար կառուցվող տունն է: Խաղաղության ամենալավ պաշտպանն ու վկան ազատագրված տարածքում ծնվող մանկան ճիչն է, նոր ծնվող երեխան է:
Հիմա արդեն այս առաքելությունը, ավանդական ուխտագնացության վերածված, դարձել է ԵԿՄ ամենամյա գործունեության ծրագրային դրույթներից մեկը:
Մինչեւ ուխտագնացությունը ԵԿՄ պատվիրակությունը վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ շրջում է հանրապետության բոլոր մարզերում, լինում է Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, եւ ուր էլ որ լինում է պատվիրակությունը, վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը խոսում է երկրապահի եւ Արցախի ճակատագրի մասին, պետության հզորացման և երկրի կայունության մասին, ինչն սպասվող մարտահրավերներին դիմակայելու առաջին պայմանն է:
Երկրապահի առաքելությունն ու Արցախի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում եւ ազատագրված հողը դառնում է հայրենիք: ՙԱմենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է՚,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Իսկ երկրապահն էլ արյամբ եւ Սպարապետի պատգամը կյանքի վերածելով, տեր է կանգնած այդ հողին: Եվ սա էր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսքի շեշտադրումը արմավիրյան, տավուշյան, աշտարակյան, արարատյան հանդիպումների ներկաներին' ամբողջ հայությանը, ու նա ոգեւորում էր նրանց, որ տեր կանգնեն ազատագրված հայրենիքին:
Երկրապահն իր արյամբ կանգնած է հայոց պետակության ակունքներում և պետության, երկրի կայունությունը երկրապահի համար սրբագույն անհրաժեշտություն է:
Երկրապահական ուխտագնության ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից, երբ դեռ 1993թ. հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը, իր շուրջը հավաքելով դեռ ընթացող Արցախյան ազատամարտի հերոս նահատակներ Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողներին եւ Թաթուլ Խաչատրյանի կնոջը, կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք, ուր ոչ միայն զոհվել էին հերոս հայորդիները, այլ ազատագրական պատերազմը դեռ շարունկավում էր:
Հերոս մայրերը եղան իրենց զավակների կողքին, եղան իրենց հերոս զավակների զոհվելու վայրերում, մայրական խորհուրդ ու օրհնանք տվեցին մարտնչողներին և դարձան Արցախյան ազատամարտի մասնակիցներ:
Հետո այն սկսվեց կազմակերպվել մի շարք դպրոցների եւ դպրոցականների կողմից՝ որպես երթ 5-րդ բրիգադի անցած մարտական ճանապարհով: Առաջին երթ-միջոցառումները սկսվեցին Էջմիածնից եւ Ստեփանակերտից' 95-96թթ-ին: Էջմիածնի եւ Ստեփանակերտի երթ-միջոցառումները հիմք դարձան, որ տարեցտարի մեծանա մասնակցությունը եւ ծրագիրն էլ դառնա բազմազան ու արդյունավետ, եւ այն տարիների ընթացքում վերածվեց ուխտագնացության:
Ժամանակը չի կարող մոռացության մատնել ժողովրդի կյանքում տեղի ունեցած ճակատագրական իրադարձություններն ու հիշարժան դեպքերը' հատկապես ազատ ու անկախ հայրենիքի համար ներդրված կարողությունները, հիշարժան ճակատամարտերը, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների խիզախությունն ու արիությունը: Արցախյան գոյամարտում իրենց ճակատները փառքի պսակով զարդարեցին հատկապես Երկրապահ Կամավորականները:
Հաղթանակի ապահովման գործում իր կարեւորագույն ներդրումն ունեցավ երկրապահներից կազմավորված փառապանծ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը' Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ:
Պատերազմից հետո, այսօր առավել եւս կարեւորվում է ԼՂՀ եւ ՀՀ-ի հոգեւոր միասնությունը: Այս առումով էլ ավելի է արժեւորվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից ձեւավորված ուխտագնացության ավանդույթը: Տարիներ շարունակ, երկրապահները հաղթանակած զորավարի գլխավորությամբ, ԼՂՀ անկախության նախաշեմին, այցելում են իրենց կողմից ազատագրված տարածքներ' հանդիպում ժողովրդի հետ' ոգի եւ կորով ներշնչելով նրանց:
Հիմա արդեն Զորավարի ուխտագնացությունն անկախ Արցախ, ազատագրված տարածքի բնակչության ու բանակի համար վերածվել է ամենամյա տոնի: Տոն, որ սկսվում է երկրապահի օրվանից, սկսվում է Սարդարապատի հուշահամալիրի զանգերի ղողանջով ծավալվելուվ հանրապետության ողջ տարածքով անցնում է Արցախ:
Ուխտագնացությանը մասնակցում են արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, տարատեսակ երգ ու պարի, գուսանական, թաթերական խմբեր ու համույթներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, օրենսդիր և գործադիր մարմինների, ՏԻՄ ներկայացուցիչներ' գյուղապետեր, քաղաքապետեր:
Իսկ ուխտագնացների առջևից արդեն որպես ընդունված պարտադիր պայման քայլում են դրոշակակիր երիտասարդ ու պատանի երկրապահները, այս երկրի այսօրվա ու վաղվա տերերը: Այդ նրանք են գալիս ժառանգելու ազատագրված հայրենիքը: Այդ նրանց ներկայությունն է արդարացնում, ավելի ու ավելի իմաստավորում ավագ սերնդի նահատակությունը:
Տարեցտարի բազմանում է մասնակիցների քանակը, ավելանում են կամավոր միացողներն ու ուխտագնացությունը վերածվում է ոչ միայն տոնի, այլ նաեւ ազատագրված տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակույթային խնդիրների կարգավորման գործուն ծրագրի եւ վերաբնակեցման քաղաքականության խթան:
Զորավարն ուխտագնացության ժամանակ հոգում է գործող ակումբների, հանդիսությունների տների, գրադարանների, բուժկետերի եւ դպրոցների հոգսերը, ԼՂՀ ամեն տարվա բոլոր առաջին դասարանցիներին ապահովում պայուսակներով, դասագրքերով եւ անհրաժեշտ գրենական պիտույքներով:
Այս ամենին զուգահեռ ուխտագնացության ժամանակ ֆինանսական և նյութական օգնություն է կազմակերպվում զոհված, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվում սոցիալապես անապահով բնակչությանը: Հենց ուխտագնացության օրերին կազմակերպվում է հայրենյաց սահմանների համար անձնուրաց մարտնչած մարտիկների սխրանքների գնահատում' պարգեւների հանձնում:
Ավանդույթը շարունակվում է:
Ամեն տարի, արդեն ավանդական դարձած ուխտագնացության ժամանակ իր ազատագրված ժողովրդին է այցելում ինքը' Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ոգեւորելու համար իրենց գյուղերը վերադարձած բնակչությանը, եւ հավաստիացնելու, որ երկրապահն ու լեգենդար 5-րդ բրիգադը, բրիգադի քաջարի մարտիկները այլեւս երբեք չեն թողնի, որ թշնամին եւրեւա այս կողմերում: Յուրաքանչյուր գյուղի ազատագրման տարեդարձի օրերին այստեղ են լինում ազատագրողները, հաղորդակցվում են իրենց մարտական ընկերների հիշատակի հետ եւ ժողովուրդն էլ մեծ բերկրանքով դիմավորելով նրանց, ավելի հաստատուն է արմատավորվում իր հայրենիքում, հասկանալով, որ երկրապահի առաքելությունն ու ազատագրված ժողովրդի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում, որ երկրապահն ու Արցախը միասնական են թափված արյամբ եւ ազատ անկախ Արցախի պահպանումն է' հայոց բոլոր սերունդների նպատակը:
Ուխտագնացություն, որ սկիզբ է առնում հայոց հաղթանակների խորհրդանիշ Սարդարապատից, հայոց միասնության խորհրդանիշ' Սարդարապատից ծավալվում է ողջ հանրապետությունով ու անցնում հերոսականության խորհրդանիշ ազատագրված հայրենիք' Արցախ: Իսկ մինչ այդ արդեն տարիներ շարունակ ընդարձակելով իր աշխարհագրությունը ուխտագնացները ներկայացուցչական խմբով ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ լինում են Ուկրաինայի Օդեսա քաղաքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հանդիպում տեղի համայնքների հետ: Օդեսայում, Փարիզում, Մոսկվայում և աշխարհի մի շարք այլ երկրներում վաղուց հիմնադրվել են ԵԿՄ ներկայացուցչություններ:
Ուխտագնացություն, որ դառնում է բոլոր սերունդների համաքայլ ճանապարհ ու երդում' ձեռք բերածը պահպանելու, ձեռքբերումները շարունակելու կոչ: Կոչ, որ արդեն արձագանք է գտել նոր սերնդի երիտասարդ և պատանի երկրապահնների մեջ և նրանց համար դարձել ամենամյա գործունեության ծրագիր ու հայրենասիրության հայրենապաշտպանության դաս:
Ահա այս կոչի իրականացումն է, որ մշտապես ուխտագնացության առջևից քայլում են երիտասարդ ու պատանի երկրապահները Հայաստանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և երկրապահի մարտական դրոշները վեր պահած:
Ասում են, թե մենք, հայերս, չունենք ապրող հերոսի պաշտամունք: Ասում են, թե մեր պաշտամունքն ուղղված է զոհված հերոսներին: Սակայն այս շրջագայութուններն ու հանդիպումները, եւ այն անկեղծ, մտերմիկ վերաբերմունքը, որ դրսեւորում է Հայաստանի եւ Արցախի հասարակ ժողովուրդը, Իջեւանում, Գյումրիում, Հադրութում, Մարտակերտում Զորավարի հանդեպ, իրավունք է վերապահում ասելու, որ հասարակ մարդը, որքան որ արմատներով ամուր կառչած է իր հայրենի բնօրրանին, այնքան էլ իր մեջ ուժ ունի գնահատելու եւ մեծարելու իր հերոսին, իր անկախության համար պայքարած մարտիկներին: Իհարկե, հարստության կուտակման տենչով, կամ քաղաքական, կուսակցական խաղերով իրենց ուղեղը շուլալած մարդկանց համար, դժվար է ընկալել հասարակ ժողովրդի այն անքող ու անհաշվարկ վերաբերմունքը, սակայն սա է իր լեռնաշխարհին հենված հայի, հայրենիքի պաշտպան հայի գնահատականն ու իրական վերաբերմունքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապրող հերոսի արժեւորում, ապրող հերոսի պաշտամունք:
Ուխտագնացությունը դարձել է մի երեւույթ, որին ժողովրդական տոների պես սպասում են բոլորը' եւ Արցախի ժողովուրդը, եւ ուխտագնացության մասնակիցները, որոնց քանակը եւ շերտերը տաեցտարի բազմանում են:
Ուխտագնացության երեւույթն էլ Մանվել Գրիգորյանը չի հորինել, այն եղել է վաղուց: Սակայն, ուխտագնացության երեւույթի այս ընկալումը նա դարձրեց անհրաժեշտություն եւ ավանդույթ, դարձրեց հարազատ հայրենիքով շրջելու անհրաժեշտություն:
Եվ Մանվել Գրիգորյանի ուխտագնացության այս ընկալումը օրինակ դարձավ մի շարք կազմակերպությունների, հիմնադրամների համար ու հիմա այն կրկօրինակվում է շատերի կողմից:
Երկրապահական այս ուխտագնացության ամենակարեւոր գործոնն այն է, որ ուխտագնացության մշակությանի ծրագրին' այսինքն ուխտագնացությանը մասնակից ազգային ազատագրական, ժողովրդական, գուսանական ինչու չէ նաեւ եվրոպական երգերի համերգային ծրագրերին մասնակցում են, ոչ միայն ուխտագնացության մասնակիցներն ու նրանց դիմավորող մեր հասակակիցները, այլ նաեւ ամենաբռնկուն մասնակիցները դառնում են այն երեխաները, ովքեր իրենց հայրիկների, մայրիկների ձեռքը բռնած մասնակցում են մշակույթային ծրագրին, դառնում նրա անմիջական կատարումների մասնակիցն ու հաջորդ տարվա անհամբեր սպասողը:
ԵՎ հանուն այդ անհամբեր սպասող երեխաների ուխտագնացությունը, որպես ավանդույթ մշտապես կշարունակվի: