Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարի վերսկսումը խիստ անհրաժեշտ է համարում և կարծում է, որ ՀՀ խորհրդարանի բոլոր ուժերի շարքերում չի գտնվի մեկը, ով ավելին է, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժողովուրդը քվե է տվել, ինչո՞ւ ոչ նա, խորհրդարանում ցույց տվեք մեկին, նույնիսկ մարգինալ այլախոհներին, որոնք ավելին են, քան Րաֆֆի Հովհաննիսյանը, կասե՞ք, մի հատ ցույց տվեք, կարծում եմ չեք գտնի, նույնիսկ իշխանության մեջ էլ չեք գտնի»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա: Վերջինիս խոսքով՝ Հայաստանի քաղաքական կյանքն անթույլատրելի է մեռցնելը, այդ իմաստով խիստ անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ մի բան լինի ընդդիմության կողմից, որովհետև երբ իշխանությունը նման երկրում մնում է առանց պետական վերահսկողության և ընդդիմության վերահսկողության, երկիրը գնում է դեպի տոտալիտարի և ճահճացման:

 

Ընդհանուր առմամբ դեմ չլինելով քաղաքագետի դիտարկումներին' նշեմ, որ հանրահավաքների և ընդդիմության գործունեության հետ կապված սառնությունը, որ առկա է համացանցային քննարկումներում, ունի օբյեկտիվ պատճառ, քանի որ այս ընթացքում ընդդիմությունը իսկապես լոդրություն է արել և երկրում քաղաքական ակտիվության գոնե մինիմալ ցուցիչը պահպանվել է բացառապես ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության շնորհիվ: Երկրում կուտակված բացասական լիցքերը վաղուց պետք է միավորեին ընդդիմադիր քաղաքական ուժերի ցաքուցրիվ գործողությունները:
Տարաբնույթ սկանդալային բացահայտումների, գազի և այլ կենսական ծառայությունների սակագների թանկացման, Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումների ֆոնին ընդդիմադիր ուժերը գրեթե կենդանության նշաններ ցույց չեն տվել: Բանը հասել է այնտեղ, որ իշխանական տարբեր կառույցներ սկսել են ստանձնել հակաիշխանական քաղաքական գործառույթներ' հավանաբար սուրբ տեղը դատարկ չթողնելու հումանիտար առաքելությամբ...
Հիմա, երբ փորձ է արվում քննարկումները տեղափոխել քաղաքական դաշտ' ընդդիմադիր ուժերի ակտիվանալու փորձերը պետք է խրախուսել: Շարքային մահկանացուների, այդ թվում և ինձ համար, մեծ հաշվով, կարևոր չէ, թե այդ պահին ով է բարձրացնում առաջամարտիկի դրոշակը' բոլորիս քաջ հայտնի քաղաքական ուժեր, թե մի կին' ատամնատեխնիկ, կարևոր է, որ կյանքը Հայաստանում վերջապես առաջ շարժվի մեռյալ կետից...
Սակայն այս ամենը գիտակցելով՝ քաղաքական գործիչներն իրենք պետք է լուրջ մոտենան խնդիրներին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչներից ոմանք դեռևս տուն - տունիկ խաղի ազդեցությունից դուրս չեն եկել: Հիմա, պարզապես, միտինգ-միտինգ են խաղում:

 

Վարուժան Բաբաջանյան