Lragir.am - Կյանքն անտանելի է «Հայկական աշխարհում»՝ գնում ենք Հայկական աշխարհ
Պետական ԲՈՒՀ-երում վարձավճարների բարձրացման առաջացրած «բոցերի» վրա յուղ լցրեց նախկին փոխնախարար, այժմ ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա հայտարարեց. «Խոսքը կրթության որակի և գնի համապատասխանության մասին է, մենք սրան նայում ենք ամբողջ Հայաստանի սոցիալական ապահովվածության խնդրի տեսանկյունից: ՀՊՃՀ-ում մենք բարձրացրել ենք հնարավոր նվազագույնը, որպեսզի հոգանք նոր տեխնիկական բազայի շահագործման և պահպանման ծախսերը»:
Այս մեկնաբանությունը գրեթե իդենտիկ է մեկ ամիս առաջ քաղաքային տրանսպորտի գների բարձրացման քաղաքապետարանի և «գծատերերի» պատճառաբանությանը: Փառք Աստծո, մեր ժողովուրդը կրթություն սիրող ժողովուրդ է ու հույսն էլ երբեք «կրթական բարեփոխումների» վրա չի դնում. նա սովորել է տարրական մաթեմատիկական խնդիրներ լուծելն ինքնուրույն և կարողանում է նույն խնդրի փոփոխականներին տարբեր արժեքներ վերագրել: Եվ ահա՝ «Երևանի քաղաքապետարան»-ը, փոխարինելով «Կրթության նախարարություն»-ով, իսկ «գծատեր»-ը «ռեկտոր»-ով՝ ձեռնամուխ է լինում արդեն որերորդ անգամ լուծելու միևնույն խնդիրը:
Ժողովուրդը նման է այն այն խեղճ երեխային, որին հանձնարարել են լուծել «Աշոտիկն ուներ երեք խնձոր, պապիկն էլ տվեց երկուսը, քանի՞ Խնձոր ունի Աշոտիկը» խնդիրը: Հաջողությամբ լուծելուց հետո նրան հանձնարարում են «Աշոտիկն ուներ երեք տանձ, պապիկն էլ տվեց երկուսը…»–ը, և երբ երեխան ըմբոստանում է, թե դա միևնույն խնդիրն է, նրան մեղադրում են անհնազանդության մեջ ու հանձնարարում ուրիշը՝ «Վարդանիկն ուներ երեք խնձոր, երկուսն էլ….»:
Եվ ահա, ռեկտոր կոչվող գծատերերը, չխրատվելով իրենց համանունների փորձից՝ ժողովրդին մղում են «վճարում ենք 100 000 դրամ» մակագրությամբ ազդագրեր փակցնելու «ԲՈՒՀ-մարշրուտկաների» պատուհաններին:
Այս Հայկական աշխարհն անտանելի է դարձել զինվորների ծնողների, մանր ու միջին գործարարների, գյուղացիների համար: Այս Հայկական աշխարհն այս անգամ անտանելի կդառնա ուսանողների ու նրանց ծնողների համար:
Ո՞ր Հայկական աշխարհը կփնտրեն ուսանողները՝ Մասաչուսեցի, Կիևյան կամրջի, Քաշաթաղի, Մասկվայի - ժամանակն ու վիճակագրական վարչությունը ցույց կտան տարիներ հետո (հաստատ որոշակի ճշտությամբ): Բայց որ մեծ ընտրություն կա ստեղծված՝ դա փաստ է:
Աղասի Իվանյան