ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի վեցերորդ հարկից ցած էր ներտվել եւ տեղում մահացել, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ազգականն էր: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է Հայկ Հայրապետյանի գյուղի գյուղապետ, Կոտայքի մարզի, Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը:
«Հեռու բարեկամություն կա, մոր կողմից: Հայկի մայրը բնապահպանության նախարարի բարեկամուհին է»,-ասել է Նորիկ Մովսիսյանը: Նա նաեւ նշել է, որ դեպքից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այցելել է Արզական համայնք: «Նախարարը այցելել է, հոգեհանգստի արարողությանն է եղել, թաղման արարողությանը»:
Գյուղապետը նշել է, որ առ այսօր իրենց համար չբացահայտված է մնում, թե ինչու՞ Հայկը գնաց նման քայլի: «Ոչ մի բան չկա, որ գոնե դրա հիմքով գնան, խոսում են, թե աղջիկն է պատճառը, բայց դրանք զուտ խոսակցություններ են: Չեմ կարծում, որ աղջկա պատճառով նա նման քայլի գնար: Ի՞նչ պետք է ասեր աղջիկը, որ գնար իրան… ես չեմ կարող պատկերացնել: Մի խոսքով առեղծված է, դա չբացահայտված բան է»,-մեզ հետ զրույցում ասել է Նորիկ Մովսիսյանը:
Գյուղապետը նաեւ հայտնել է, որ ինքը տեղյակ չէ, թե քննիչներ այցելել են արդյոք Արզական համայնք եւ իրականացրել հարցաքննություն:
«Չեմ կարող ասել, ինձ լրագրողներ են զանգել միայն: Ինքնասպանություն, մենակ էդ բառը, որը լրատվությունից ենք տեղյակ, քանի որ ծնողների համար էլ է մութ, ինձ համար էլ, ժողովդրի համար էլ: Հայկի ծնողների հետ հանդիպել եմ, ոչ մի բան չկա, ոչ մի բանի վրա չենք կարող կանգնել, ոչինիչ հայտնի չէ: Մեր երեխան շատ լավն էր, այդպիսի բան չէր կարող անել, թե ոնց է եղել, ինչ է եղել՝ ոչ մեկը չգիտի»,-ասել է համայնքապետը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Հայկ Հայրապետյանը մինչ ՀՀ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքեւ ընկնելը հեռախոսազրույց էր ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել էր: Դեպքի օրը տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ կատարվածը «սիրո հողի» վրա է եղել, սակայն օրեր առաջ Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը հայտնել էր, որ այդ հեռախոսազրույցը գործնական է եղել:
Փայլակ Ֆահրադյան