Ստավրոպոլի երկրամասի դումայի պատգամավոր Անտոն Դուբրովսկին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի ստիպողական գործողություններ կատարելու մեջ, հայտնվել է հիվանդանոցում իր դեմ հետախուզում հայտարարելու նախօրեին, հաղորդում է «РИА Новости» -ն: ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչության ներկայացուցչի խոսքերով օգոստոսի 27-ին քննիչները նրա նկատմամբ հայտարարել են հետախուզում, քանի որ չէին կարողանում նրան գտնել և կապ հաստատել՝ հարցաքննություն անցկացնելու նպատակով: Նրա մայրը հայտարարել էր, որ ինքը չգիտի, թե որտեղ է գտնվում իր որդին: Օգոստոսի 28-ին կասկածյալի փաստաբանը քննիչներին հայտնել է, որ նա հայտնվել է քաղաքային թիվ 3 հիվանդանոցում' կապված առողջական վիճակի կտրուկ վատացման հետ: Քննչական վարչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ կասկածյալի նկատմամբ հետախուզումը չի հանվի, քանի դեռ նրա հետ անձամբ քննիչները չեն շփվել: Քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ Դուբրովսկին գտնվում է սրտաբանականի վերակենդանացման բաժնում: Երկրամասի դումայի պատգամավորի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի «Անչափահաս աղջկան սեռական բնույթի գործողությունների հարկադրումը» հոդվածի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների 2013թ. օգոստոսին Դուբրովսկին սոցիալական ցանցում ծանոթանալով աղջկա հետ, ներկայացել է, որպես մոդելավորման գործակալ, որից հետո, խաբեությամբ նրան տարել է Ստավրոպոլում իր կողմից վարձված բնակարան և այնտեղ լուսանկարել մերկ վիճակում: Դրանից հետո նա անչափահասին ստիպել է կատարել սեռական բնույթի գործողություններ' սպառնալով, որ արված լուսանկարները կտարածի համացանցում: