Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալը նվազելու է տարեց տարի և 2029թ. կազմելու է 25 միլիոն բարել: Ընդ որում' հանրապետությունում արդյունաբերության գագաթնակետը գրանցվել է 2010թ, երբ արտադրվել է 450 միլիոն բարել: Այդ ժամանակից ի վեր արտադրության ծավալը գնալով նվազում է: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՖակտԽեբեր» պորտալը, նշվում է Ադրբեջանի Ազգային բյուջետային խմբի պատրաստած զեկույցում:
Ազգային բյուջետային խմբի տրամադրած աղյուսակի համաձայն' Ադրբեջանի նավթարդյունաբերությունը 2015թ.-ին կնվազի 360 միլիոն բարելից հասնելով մինչև 250 միլիոնի: Այնուհետև, նավթարդյունաբերության ծավալը կշարունակի կրճատվել. 2018թ.' 175 միլիոն բարել, 2021թ.' 100 միլիոն բարել և 2029թ.' 25 միլիոն բարել: Այսինքն' Ադրբեջանի նավթարդյունաբերության ծավալը 2021թ. կկրճատվի ավելի քան 3 անգամ:
Նյութում նշվում է, որ Ադրբեջանում նավթից ստացվող եկամուտները 2009թ.-ին կնվազեն' հասնելով մինչև 2003թ.-ի ցուցանշին: Նշվում է նաև, որ «Բրիթիշ Փեթրոլիում»-ը նավթից ստացվող եկամուտների գագաթնակետ էր կանխատեսել մինչև 2011թ:
«Այդ կանխատեսումներն արդարացվեցին: Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի պետական ամենամյա ծախսերի չափից ավելի աճը' դժվար չէ կանխագուշակել երկրի ճակատագիրը 2029թ-ին: Հետաքրքիր է, թե Ադրբեջանի կառավարությունը, որը նավթային եկամուտների հաշվին մեծացնում է հիմնական և ընթացիկ ծախսերը, ի՞նչ միջոցներով է ապահովելու այդ ծախսերը 2029թ-ին: Հարկավոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ նավթարդյունաբերության սեկտորի զարգացման մակարդակը երկրում ստիպում է միայն լավագույնը հուսալ», - նշված է հոդվածում:
Շարունակությունն` այստեղ: