www.irakan.info Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ նախագահի նստավայրի առջեւ սկսվելու էր Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները ուեւէ կոնկրետ շարժում կամ կազմակերպություն չեն ներկայացնում, նրանք հանրությանն այս մասին տեղեկացել են facebook-ի միջոցով: Համաձայն նրանց հայտարարության՝ Հայաստանին թույլ չեն տալու միանալ Մաքսային միությանը։

 

Ակցիային միացել է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Այնտեղ են հավաքվել մեծ թվով ոստիկաններ, ովքեր ցուցարարներից պահանջում են կանգնել նախագահականի դիմացի մայթին։ Որոշ ակտիվիստներ փորձել են մոտենալ նախագահականին, ինչից սկսվել է հրմշտոց:

 

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ակտիվիստների մի մասին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: Օսիպյանը հղում է արել հավաքների ազատության մասին օրենքի 17-րդ հոդվածին, ըստ որի հավաքները պետք է անցկացվեն նախագահի նստավայրից ողջամիտ հեռավորության վրա:

 

Այս պահին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվում է, ցուցարարները վանկարկում են «չեկիստներ, չեկիստներ»: Հրմշտում են նաեւ լրագրողներին: Ակտիվիստները փորձել են նստել Բաղրամյան փողոցի վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է քաղաքացիներին ամբողջությամբ հեռացնել փողոցից եւ շարքով փակել մայթը: