«Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ այս պահին իմ անձի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը նպատակ ունի խոչընդոտել իմ հասարակական և մասնագիտական գործունեությունը »,- Արաբկիրի ոստիկանության բաժնից դուրս գալուց անմիջապես հետո մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց ակտիվիստ, Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

 

Վերջինիս նկատմամբ այսօր հարուցվել է արդեն թվով 3-րդ վարչական վարույթը՝ 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը:

 

«Վարչական վարույթի հարուցման պայմաններում անձին բերման ենթարկելու հասկացություն ընդհանրապես չկա: Արգիշտի Կիվիրյանին այսօր բռնի ուժով բաժին բերելը չի համապատասխանում օրենքի ոչ մի տողի կամ տառի: Ակնհայտ է, որ Կիվիրյանի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունների մի շղթա է սկսվել՝ կապված վերջինիս հասարակական գործունեության հետ: Ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ. այս ամենին ուրիշ գնահատական այլևս հնարավոր չէ տալ »,- մեզ հետ զրույցում նշեց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

 

Կիվիրյանի պատմելով, ոստիկանության բաժնում նրան բերման ենթարկելու վերջին մեկ ժամվա ընթացքում այլևս ոչ մի գործողություն չէր կատարվում, նա ուղղակի նստած էր, երբ եկան Օմբուդսմենի գրասենյակից: Վերջիններիս համար նույնպես անհասկանալի էր, թե ինչու են ոստիկանները հրաժարվում Արգիշտի Կիվիրյանին ազատ արձակել սահմանված 3 ժամից շուտ:, այն պայմաններում, երբ որևէ գործողություն այլևս չէր կատարվում: Արգիշտի Կիվիրյանի խոսքերով ոստիկանության բաժնում աշխատակիցները, ի դեմս Արաբկիրի վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի, սադրում էին, ամեն կերպ փորձում էին վեճ հրահրել:

 

«Ամիրխանյան Գրիշան անընդհատ գոռում էր «մի՛ վնասի գույքը», երբ ես ընդհանրապես ոչ մի գործողություն չէի իրականացնում: Դրանով իսկ ոստիկանները փորձում են սադրել, որ կրկին 316-րդ հոդվածով մեղադրանք առաջադրեն»,- իր վստահությունը հայտնեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ այսօր Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով՝ քաշքշելով, թևերը ոլորելով, առանց օրինական հիմքերի բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բակից: Վերջինս մի խումբ այլ ակտիվիստների ր լրագրողների հետ սպասում էր ավելի վաղ Բաղրամյան 26 հասցեում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների ազատմանը:

 

Նախ, Արգիշտի Կիվիրյանին մոտեցել են քաղաքացիական հագուստով իբրև ոստիկան ներկայացած անձինք՝ հրավիրելով Կիվիրյանին իրենց հետ գնալ բաժին «անձնական հարցերով խոսելու»: վերջինս հրաժարվել է առանց ծանուցման որևէ տեղ ներկայանալ՝ առաջարկելով հարցերը պարզել տեղում՝ լրագրողների և իր ընկերների ներկայությամբ:
Դրանից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց մեջ էր նաև Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Մարգարյանը, Արգիշտի Կիվիրյանին են ներկայացրել տեղում հապճեպորեն պատրաստած ծանուցագիրը:
Ի դեպ, ծանուցագրում նշված էր, որ Արգիշտի Կիվիրյանը պիտի բաժին ներկայանա 17:00-ին, այնինչ ծանուցագրի հանձնման ժամ ֆիքսվել է 17:05:

 

«Սա ժ-ամկետանց և ապօրինի ծանուցում է, խնդրում եմ խոսել իմ փաստաբանի հետ»,- պետի տեղակալ Մարգարյանին է դիմել Արգիշտի Կիվիրյանը՝ նշելով, որ ինքը ոչ մի դեպքում չի խուսափում օրինական ծանուցագրի դեպքույմ բաժին ներկայանալուց:
Այդ նույն պաին պետի տեղակալը քաղաքացիական հագուստով մի խումբ այլ ոստիկանների հետ ոլորելով Արգիշտի կիվիրյանի թևերն ու քաշքշելով վերջինիս ուղիղ փողոցի վրայից «բերման ենթարկեցին» բաժին:

 

«Եթե անգամ ծանուցագիրն օրինական և ժամկետի մեջ լիներ, և ես՝ ինչ-ինչ պատճառներով հրաժարվեի նույն պահին ներկայանալ բաժին, ոստիկանները պարտավոր էին արձանագրություն կազմել և մտցնել վարույթ, այլ ոչ թե առևանգեին մարդուն ուղիղ փողոցի վրայից»,- Արգիշտի Կիվիրյանը, ոստիկանության նման ապօրինի գործելակերպի մասին խոսելով, նշեց, որ «այժմ մենք ականատես ենք լինում ոստիկանական համատարած ռեպրեսիաների ծնունդին»:

 

Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանին «բերման ենթարկելուց» հետո որոշ ժամանակ ներս չէին թողնում վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանին՝ ասելով՝ «վառոտներից հեռու գնա՛, փաստաբանի վկայական ներկայացնող ամեն մի մարդ փաստաբան չի»:
Եվ միայն այն բանից հետո, երբ ոստիկաններին բացատրվեց օրենքը և իրենց պարտականությունները, Երվանդ Վարոսյանին թույլ տվեցին մտնել բաժին: 

 


Տաթև Վարդապետյան

 


Իրավունք