www.tert.am ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը երեկ Կոնգրեսում խոսելով Սիրիային ռուսական ռազմական մատակարարումների մասին՝ ի նկատի է ունեցել ոչ թե քիմիական զենքը, այլ սովորական ռազմական սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել սիրիացիների կողմից զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։ Այս մասին РИА-Новости-ին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլը։
«Կոնգրեսականներից մեկի հարցին տված պատասխանում Հեյգելն անդրադարձել է սովորական սպառազինությունների ոլորտում Ռուսաստանի ու Սիրիայի համագործակցությանը։ Սիրիական ռեժիմը տասնամյակներ շարունակ զարգացնում է քիմիական զենքի ծրագիրը, որը հիմնականում հայրենական արտադրության է»,-նշել է Լիթլը։
Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ Ռուսաստանը սիրիական ռեժիմին է տրամադրում ռազմական սարքավորումների լայն ընտրանի, որի մի մասը հնարավոր է օգտագործել քիմիական զենք ստանալու համար։