ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն է: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։
«Ամերիկյան կողմի տարածած համապատասխան հաղորդագրությունները կեղծ տեղեկատվություն են»,- ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ֊ը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱՄՆ-ը մշտապես միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում Չինաստանի վերաբերյալ՝ ուկրաինական խնդրի համատեքստում։ Չժաո Լիջյանը նաև նշել է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումը հետևողական է և հստակ։ Ինչպես նշել է նա, Չինաստանը միշտ կառուցողական դեր է խաղացել խաղաղության հաստատման և բանակցությունների առաջխաղացման գործընթացում։
«Ներկայումս պահի հրամայականն այն է, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն, օգնեն լիցքաթափել իրավիճակը, այլ ոչ թե կրակին յուղ լցնել, և նպաստեն խնդրի դիվանագիտական կարգավորմանը, այլ ոչ թե դրա սրմանը», - եզրափակել է Ժաո Լիջյանը: