Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի ոլորաններում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժն օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նույնպես բեռնատարի վարորդ է եղել, ում DAF մակնիշի բեռնատարը խնդիրներ է ունեցել, և նա կանգնեցրել է մեկ այլ բեռնատարի, որպեսզի օգնության ձեռք մեկնի իրեն, այդ ժամանակ Iveco-ի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Քննիչի հանձնարարականով վրաերթը կատարած բեռնատարը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։