Այսօր, հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։