Օգոստոսի 31-ին, ժամը 01-30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ այսօր իմացանք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Անկախ այն բանից, թե ինչ պատիժ կսահմանվի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկին ծեծի ենթարկողների նկատմամբ, փաստն ինքնին դատապարտելի է։ Եւ շատ ավելի մեծ է այդ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Ամոթալի ու մերժելի նման միջադեպերը, դժբախտաբար, շարունակաբար կրկնվում են։

Դժվար է մարդկային համարել այն քայլը, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա, բիրտ ուժ է կիրառում անգամ հաշվի չառնելով, որ այդ պահին նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է իր հարազատին։ Բայց չէ որ ժողովրդական իմաստուն խոսքն ասում է' մի վնասիր քեզ օգնող ձեռքը։

Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

ՀՀ առողջապահության նախարարություն