ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է: Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ մեր հայրենակիցներին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած անհարկի շահարկումներից։
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասսայական ու ազգային խտրականությունը»: